են այդ երևելի ստեղծագործության առջևով անուշադիր։ Քի՞չ կան խծրծողներ, որոնք ծաղրում են հասարակության ճաշակը կարելույն չափ ավելի աղավաղելով սրբություն սրբությանը արվեստը։ Դրանք խեղկատակներ են, որքան արհամարհելի, նույնքան խղճալի։
Սակայն հանճարեղ գործերի գնահատությունը մահկանացուների ուժից միշտ բարձր է եղել։ Պետք է ունենալ նուրբ ճաշակ նրանց խորությունը և գեղեցկությունն ըմբռնելու համար։ Եվ ահա երևան է գալիս մի խումբ այդպիսի ընտրյալների և խծրծանքի հեղինակին հռչակում է… Նոր Ռաֆայել։ Այդ ընտրյալները նորամոլների այն մասն է, որ արվեստները վաղուց է դարձրել ծաղր և խեղկատակություն։ Նայելով «Արեգակի մուտքը Ադրիական ծովի վրա» այլանդակության, նրանք շտապում են գոռալ բարձրաձայն, թե, վերջապես, գտել են այն, ինչ որ փնտրում էին վաղուց՝ մի նոր դպրոց։ Բայց ո՞վ է այդ դպրոցի հիմնադիրը։ Նկարի տակ ստորագրած է մի անծանոթ անուն, մի կեղծանուն։ Պետք է նրան գտնել, պետք է պսակել նրա գլուխը դափնիներով և ցույց տալ անճաշակներին։ Ի՞նչ Պյուվիս դը Շավան, ի՞նչ Դելակրուա, ի՞նչ Հանրի Մարտեն, ի՞նչ Մելիկ, ի՞նչ Մանե և Մոնե։ Ահա իսկական հանճար։ Գովում են նկարը լրագրերում, փաստաբանում և եռանդով փնտրում նրա հեղինակին։
Վերջապես գտնում են։ Եվ ո՞վ է դուրս գալիս։ Դուրս է գալիս, որ հանճարեղ գործի հեղինակը, «նորագույն ուղղության» հեղինակը ուրիշ ոչ ոք է… եթե ոչ Բաղաամի չորքոտանին։ Բայց, լսեցեք այն պաշտոնական անձին, որ ներկա է եղել հանճարեղ նկարի ստեղծագործությանը։ Դա մի նոտար է, որ կարդում է իր արձանագրությունը։
«Նկարիչ X…-ը ինձ հրավիրեց իր արհեստանոցը ներկա լինելու իր գործի արտադրությանը և արձանագրություն կազմելու։ Ես գնացի։ Նկարիչը իմ աչքի առջև վերցրեց շրջանակին կպցրած կտավը, դրեց պատի տակ։ Արհեստանոցում կար մի էշ։ Ես զարմացած էի։ Արտիստը մի վրձին կապեց իշի պոչին։ Վրձինը թաթախեց ներկերի մեջ և սկսեց շարժել կտավի վրա։ Կտավը կապտեց, հետո կանաչեց, հետո կարմրեց և