Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/446

Այս էջը սրբագրված է

— Հաց,հաց— գոռում էին հրապարակի ժամանակավոր տերերը և ճգնում էին ապացուցվել, թե միայն դրա մեջ է մեր փրկությունը։


Եվ մարդու հոգին, սարսափած մարդ-մարմնի այդ իշխանական դիրքից, քաշվել էր մի անկյուն։ Նա ծարավից տանջվում էր, քաղցից տառապում, և ոչ ոք չէր մտածում նրա մասին։ Թատրոն, երաժշտություն, գեղեցիկ գրականություն քաշվել էին մի կողմ, իրանց տեղը տալով հրապարակախոսությանը, ճառամոլությանը, տնտեսական և քաղաքական բրոշյուրներին։


Մտեք մեր գրավաճառանոցները և հարցրեք՝ ինչ է դրժել 1904 թվականից դեսը թատրոնի և գեղարվեստների մասին, և ձեր վրա կծիծաղեն գրավաճառները։ Նրանք ցույց կտան իրանց դարակների ծանրաբեռնված անթիվ կոմպիլյացիաներով և հասարակ թարգմանություններով «քաղաքատնտեսության» կամ «սոցիալիզմի մասին»։ Գուցե գտնեք քանի մի հրատարակություններ մարդ-հոգու սնունդի համար, բայց ճնշված, հալածված։


Այս է պատճառը, որ հասարակության միտքն այլասերվեց։ Մտավոր շուկայի տականքը աղավաղեց նրա հոգին, և նա սառավ դեպի այն բոլորը, ինչ որ կոչված է նրա կոպիտ ճաշակը կրթելու, նրա հոգին կերակրելու։


Բայց բարեբախտաբար հոգին այնքան էլ անզոր չէ, որ վաղ թե ուշ չկարողանա իր իրավունքները պաշտպանել։ Նրան կարող են ճնշել, խեղդել, բայց սպանել — երբեք։


Վերջին հինգ-վեց տարվա ակնհայտ ջանքերը հալածել հայ կյանքից բարձրը և գեղեցիկը, այսօր դատապարտված են անարգության սյունին։ Այսօր հայ հասարակությունը գրականական շուկայից պահանջում է հոգեկան սնունդ։ Այսօր նա զգում է գեղեցկի կարիքը։ Ապացույց այն անկեղծ և վառ հետաքրքրությունը, որ նա ցույց է տալիս դեպի իր մայրենի բեմը։ Այլևս նրա համար պարզ է, որ առանց գեղարվեստի ինքը ուրիշ ոչինչ է, բայց եթե կենդանիների նախիր։


Պետք է այդ հետաքրքրությունը վառ պահել նրա մեջ պետք է այնպես անել, որ այլևս նա չշեղվի ուղիղ ճանապարհից։