Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/457

Այս էջը սրբագրված է

մեդները դատապարտվեն տաժանակիր աշխատանքի։ Դու, ինժեներ, կամուրջդ այնպես շինիր, որ մյուս օրը չխորտակվի։ Դու, գյուղատնտես, պարապիր քո կովերով, դու, մակլեր, դու, մանրավաճառ, պարապեցեք ձեր գործերով...

Բայց անհատները չպիտի ասեն այդ խոսքերը, այլ ինքը՝ հասարակությունը, մամուլր։ Սրանք պիտի բռնեն վանդալների թևերից, ետ քաշեն նրանց և ցույց տան իրանց տեղերը։ Բայց կանե՞ն այդ արդյոք մամուլն ու հասարակությունը, և ե՞րբ վերջապես։


ՔԱՌԱՍՆԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ


Անշուշտ ասպարեզ կգան ինձանից անհամեմատ ավելի ձեռնահաս անձինք, որ վերլուծելով Ղազարոս Աղայանի տաղանդավոր երկերը՝ կտան նրանց մեր ինքնուրույն գրականության մեջ այն պատվավոր տեղը, որին արժանի են նրանք լիովին։ Կլինեն նաև բազմաթիվ գնահատողներ նրա մանկավարժական բազմարդյուն գործունեության։ Իսկ ես, իբրև անձնական բարեկամ պատկառելի գործիչի, իրավունք եմ համարում միայն հրապարակորեն արտահայտել իմ զգացումները իբրև մարդու, բարեկամի և ընկերոջ, որին պատիվ ունիմ ճանաչելու երկար տարիներ։ Ես չգիտեմ մի ուրիշ անձ, որ լիներ բարեկամության մեջ այնքան անկեղծ, ընկերության մեջ այնքան հավատարիմ, շրջանի հետ ունեցած հարաբերությունների մեջ այնքան ազնիվ, որքան այդ մարդը։ Ահա ինչու ընկերական շրջաններում Աղայանի ներկայությունը միշտ զարթեցնում է ուրախության զգացում, իսկ բացակայությունը՝ կատարյալ տխրություն։ Ահա թե ի′նչու այսօր նա վայելում է մի այնպիսի անկեղծ սեր, որին կնախանձեին շատ մեծ հոգիներ։

Այսպիսի մի անհատական արժանավորություն ո′չ կրթությամբ է ձեռք բերվում, ո′չ զարգացումով. դա բնատուր ձիրք է, բոլոր ձիրքերից բարձրագույնը։