Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/460

Այս էջը սրբագրված է

րաստությունը չպիտի պահանջվի և′ գեղեցիկ գրականության, թատրոնի, և արվեստների մասին հեղինակավոր տոնով դատողություններ անող մարդկանցից։ Ես վրդովվել էի, որ մեզնում տեղից վեր կացողը բամփում է հայ բանաստեղծների, հայ դերասանների, հայ արվեստագետների գլխին։ Ես այդ անվանել էի վանդալիզմ։

Ես ավելացրել էի, որ խոսքս բացառությունների մասին չէ, որ կան իրավաբաններ էլ, բժիշկներ էլ, ինժեներներ էլ, գյուղատնտեսներ էլ, որոնք ունին պատրաստություն քննելու և քննաղատելու և որոնց կարծիքը կարող է հաճույքով լսել ամեն մի բանաստեղծ, արվեստագետ, դերասան։ Ես շեշտել էի, որ իմ բողոքը այդպիսիների դեմ չէ, այլ այն մարդկանց, որոնք կացինով ու տրեխներով են մտնում գեղեցկի բուրաստանը։

Եվ ահա իմ այս արդարացի բողոքի համար իմ դեմ բարձրանում է կատարյալ մի արշավանք։

Իմ հոդվածն անմիջապես աղավաղում են, տակնուվրա անում և ինձ հռշակում գրեթե թշնամի հայ ինտելիգենցիայի։

Ես իմ ասածները կրկնում եմ «Հորիզոնի» 25-րդ համարում ավելի պարզ, ավելի կտրուկ ոճով, արշավանքը ոչ միայն չի դադարում, այլև ավելի սաստկանում է։ Եվ ահա շաբաթ ու կես է «Մշակ» լրագիրը գրեթե ամեն օր անմաքուր ջուր է թափում իմ գչխին ինչ-որ սորխաթյանների, կար-միր-ների, ֆ. մ․-յանների և այլ համանման դիմակավորների ձեռքով։

Ի՞նչ է այդ արշավանքի պատճառը։ Մարգարե չպիտի լինել այն գուշակելու համար, անկյուններում թաքնված մի շարք մարդիկ վճռել են թունավորել իմ, առանց այդ էլ դառն օրերը։ Նրանք որոշել են վարկաբեկ անել ինձ հասարակության աչքում մի այնպիսի ժամանակ, երբ բոլոր քիչ թե շատ քաղաքակիրթ ազգերի մեջ տարրական քաղաքավարություն է համարվում հեղինակների անուններն ավելի բարձրացնել ավելի հարգելի դարձնել։

Դուք տեսնում եք, ընթերցող, թե հարուցված արշավանքի հետին նպատակը որքան անմաքուր է։ Դուք տեսնում եք ինչ իմաստ ունին այդ հայհոյանքներն իմ հասցեին։

Ես շատ լավ գիտեմ, որ այդ մարդկանց աչքում իմ հար