քան էլ ուղարկվողն ընդունակ լինի, հազիվ թե այդ կարճ միջոցում այնքան սովորե, որ կարողանա իր ընկերներին էլսովորեցնել։
Մայրաքաղաքների գեղարվեստական աշխարհը նորելուկի համար մի լաբիրինթոս է։ Ընկնելով այնտեղ հեռավոր Կովկասից, նա առաջին ամիսները շփոթվում է, կորցնում իրան, և մի տարին հազիվ թե բավական լինի նրա համար իր շուրջը մի բան տեսնելու, ուր մնաց ուսումնասիրելու։
Ես ճանաչում եմ մի երիտասարդ դերասանուհի, որ 8-10 ամիս Մոսկվայում մնալուց հետո Թիֆլիս վերադարձավ այնպիսի արհամարհանքով դեպի հայ բեմը, որ բարվոք էր համարում կինեմատոգրաֆին ծառայել, քան մայրենի թատրոնին։ Ահա ինչ դեմորալիզացիա է առաջացնում երբեմն կարճ ժամանակով լավ թատրոններ տեսնելը և քիչ բան ուսումնասիրելը։
... Պատահել է և պատահում է այժմ իսկ, որ հազիվ մի երկու տարի Մոսկվայսւմ ապրած մի ուսանող՝ չէ քաշվում առաքելական քարոզներ կարդալ թե′ հայ վարչությունների, թե հայ դերասանների և թե′ հայ հեղինակների գլխին այնպիսի ապլոմբով, որին միայն չտեսներն են ընդունակ։ Եվ ցավալին այն է, որ այդ տեսակ ուսանողների մանկական թոթովանքներին տեղ են տվել և տալիս են մեր լրազիրները։ Հայ թատրոնը դարձել է մի խեղճ Վարդան, որի գլխին ով ասես բամփում էէ
Երբ խոսում ենք սովորելու կամ ընդօրինակելու մասին, երբեք չպիտի աչքից փախցնենք մեր թատրոնի դառը Հանգամանքները։ Մեր թատրոնը չունի միջոց մայրաքաղաքի թատրոններին հետևելու։ Ոչ միայն աշխարհագրական հեռավորության, այլև շատ ու շատ ուրիշ հեռավորությունների պատճառով, որոնցից ամենագլխավորը սեփական ազգային թատրոն չունենալն է։
Սեփական թատրոն — ահա ամենից առաջ ինչ է հարկավոր մեզ։ Այստեղից և միայն այստեղից պիտի սկսվեն հայ թատրոնի ռեֆորմները։ Այնինչ՝ այս մասին ամենից քիչ է հոգացվում։ Նայեցեք, երեկ ես լսեցի մի ուրախալի լուր, թե հայ խումբը վերջապես կունենա իր տրամադրության տակ