Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/569

Այս էջը սրբագրված է

ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ

Շատ ցավում եմ, որ տկարությունս թույլ չավեց ինձ մինչև վերջը լսելու երիտասարդ բանաստեղծուհու և փիլիսոփա քննադատուհու գեղեցիկ և իմաստալի դասախոսությունը հայ հեքիաթների մասին, որր կայացավ ամսի 5֊ին Թիֆլիսի կոնսերվատորիայի դահլիճում։Բայց այնքանն ևս, որ հաճույք ունեցա լսելու, բավական եղավ համոզվելու համար, որ տիկին Մարիետտա Շահինյանը որքան տաղանդավոր է իբրև բանաստեղծուհի, որքան սրամիտ իբրև հրապարակախոս և նրբաճաշակ իբրև գեղարվեստագետ ու քննադատ, նույնքան հետաքրքրական և գրավիչ է որպես դասախոս։ Եվ պետք է ասել, որ հայ ազգագրական ընկերությունը, որի հրավերով է եկել շնորհալի տիկինը Թիֆլիս, չէր կարող ավելի աջող ընտրություն անել հայ հեքիաթների մասին ռուս լեզվով դասախոսելու համար։

Բավական չէ ասել, որ տիկին Շահինյանը լինելով ազգով հայ, ռուս լեզվին տիրում է այնչափ իշխանաբար, որչափ գուցե շատ սակավաթիվ ռուս հրապարակախոսներ կամ դասախոսներ և գուցե ոչ մի հայ՝ ռուս գրական և գիտական ասպարեզում։ Լինելով բանաստեղծ, նա գիտե իր դասախոսությունը դարձնել մի կատարյալ բանաստեղծական երկ։ Այնչափ հետաքրքրական, որ ունկնդիրը մի վայրկյան անգամ չի զգում ձանձրույթ և լսում է բանախոսին լարված ուշադրությամբ։

Հեքիաթն ինքնըստինքյան բանաստեղծություն է, և ո՞վ կարող է ավելի խորն ըմբռնել և գեղեցիկ արտահայտել նրա գեղարվեստական ուժը, քան բանաստեղծը. բայց Շահինյանը