Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/58

Այս էջը սրբագրված է

Այս տեսարանից հետո, մնում էր կամ պ․ Արծրունու փողոցային գոռոցներին և հիշոցներին պատասխանել ինչպես հարկն է, կամ դուրս գալ։ Ես քաջություն ունեցա վերջինն անելու։

Պ․ Արծրունին շարունակ գոռում էր, ինչպես դիվահար, և դուրս էր թողնում յուր բերանից անվայել խոսքեր, որքան հիշում եմ «Արձագանք»-ի բոլոր աշխատակիցների դեմ։

— Պ․ Արծրունի, ես ձեզ խղճում եմ,— կրկնեցի ես սառնությամբ։

Պ․ Արծրունին յուր տրագի֊կոմիկական վարմունքից հետո կարմրած, աչքերը պլզած, վայր ու վեր թռչկոտելով, իմ հետևից գոռաց․

Мы с вами рассчитаемся в судах. (Մենք մեր հաշիվը կվերջացնենք դատարաններում)։

Հուսով եմ և խիստ անհամբեր սպասում եմ, որ «Մշակ»֊ի խմբագիրը կկատարի յուր սպառնալիքը։ Իսկ առայժմ կրկնում եմ․

— Պարոն Արծրունի, դուք խղճալի եք…

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔ ՊԱՐՈՆ Գ. ԱՐԾՐՈԻՆՈԻՆ

Շատ ցավում եմ, որ դուք ինձ կրկին առիթ եք տալիս շարժել ձեր սրտի տխուր թելերը։

«Արձագանք»-ի անցյալ համարում, կետ առ կետ նկարագրելով ձեր «եվրոպական» վարմունքը, մի նպատակ միայն ունեի՝ ցույց տալ հասարակության ձեր անքող պատկերը։ Ես հասա իմ նպատակին։

Դուք բարկացաք, բայց չկարողացաք հերքել իմ նկարագրության և ոչ մի կետը։ «Ուստի ցավում եք, որ Շիրվանզադեի պես մի մարդու թույլ տվեցիք անցնել ձեր խմբագրատան շեմքն անգամ»։

Կարող եմ հավատացնել, որ այդ խոսքերն ես ինձ համար պատիվ եմ համարում։ Արդարև իմ թոքերը չեն կարող շնչել այն ապականված օդը, որի մեջ այնքան երջանիկ եք զգում դուք ձեզ։