ճիշտ է, նա ևս երբեմն սխալվում է իր գնահատության մեջ, բայց մի բան անժխտելի է, այն, որ նա երբեք չի ղեկավարվում անհատական ճղճիմ հաշիվներով, Նախահոկտեմբերյան հայ պարբերական մամուլը, որ միշտ եղել է անհատների բերան, երբեք չի կարողացել այս կամ այն երկը քննադատելիս որոշ բարձրության վրա մնալ և միշտ աչքի աոջև է ունեցել հեղինակի անձնավորությունը կամ նրա անհատական աշխարհայացքը։ Ղեկավարվելով ոչ֊ գաղափարական, նամանավանդ ոչ֊գեղարվեստական պահանջներով, նա ահագին վնասներ է տվել հայ գրականությանը։ Չի եղել մի պարբերական հանդես կամ օրաթերթ, որի խմբագրության մեջ չլիներ իր որական անհաջողություններից դառնացած ու թունավորված մեկը։ Եվ ահա միշտ այդպիսիներն են եղել հայ գեղեցիկ գրականության «քննադատները»։ Հարյուրավոր փաստեր ունեմ այդ մասին։ Գոհ լինենք, որ այդ տխուր անցյալն անցել է անվերադառնալի և այժմ գոնե գրողի ու բանաստեղծի անձնավորությունն ապահովված է պես֊պես վիրավորանքներից։
Դուք ինձ հարցնում եք, ինչպես եմ ես ընտրում ու մշակում իմ երկերի նյութը։ Ընկերներ, ես երբեք նյութեր չեմ ընտրում։ Համենայն դեպս ես մինչև այսօր նյութերի հետևից չեմ վազել, որովհետև լավագույն նյութն այն է, որ ինքն է գալիս ու փաթաթվում գրողի պարանոցին։ Կյանքն այնքան հարուստ է լավ ե վատ երևույթներով, որ ընտրություն անելը շատ դժվար է։ Երբ մի որևէ դիպված, լինի դա ընտանեկան դրամա կամ հանրային թշվառություն, մի սպանություն կամ աղետ, ինձ վրա խորապես ազդում է և հուզում, նյութն արդեն
պատրաստ է, և ես սկսում եմ նրան որոճալ երկար ու երկար ժամանակ, աշխատելով գտնել եղելության հիմնական պատճառները։ Ես երբեք երևույթների անմիջական տպավորությունների տակ չեմ գրում։ Կան երևույթներ, որոնք խոշոր և տպավորիչ են թվում միայն առաջին վայրկյանին և շուտով մոռացվում են չթողնելով ոչ մի հետք դիտողի հիշողության մեջ։ Կան և այնպիսիներր, որ սկզբում թվում են աննշան,բայց ժամանակի ընթացքում ձևակերպվելով՝ խոշորանում են և ուշադրություն գրավում։ Այն է ընտրելին և նկարագրվելու արժանին, ինչ որ դիմանում է ժամանակի մաշող զորությանը
585