Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/587

Այս էջը սրբագրված է

րում է ինձ։ Թվում է ինձ, որ ես առմիշտ բաժանվեցի իմ սիրո առարկայից։ Եվ երբեք մի գիրք ավարտելով անմիջապես մի ուրիշը չեմ սկսում։ Անցնում են երբեմն ամիսներ և հետո միայն մոտենում եմ գրասեղանիս։ Չեմ կարող ասել, որ ես բնավորությամբ եռանգուն և աշխատասեր եմ։ Ընդհակառակը,ծույլ լինելով, ես զոռով ստիպում եմ ինձ աշխատել։ Այն էլ ասեմ, որ մուսաներին սպասողներից չեմ։ Կգան նրանք թե ոչ,ինձ համար միևնույնն է։ Եթե կամենաք, նույնիսկ չեմ հավատում նրանց գոյությանը, և ով շատ է խոսում նրանց մասին, կարծում եմ՝ իր պղերգությունն է ուզում արդարացնել, ինչպես այդ անում էին բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը և գրող Ղազարոս Աղայանը, այդ երկու առասպելական ծույլերը։


Նյութից հետո իմ հոգացողության և խնամքի առաջին առարկան ոճն է։ Ես ոչ ժամանակ և ոչ էլ աշխատանք չեմ խնայում ոճս պարզ դարձնելու համար. նախ աշխատում եմ արտահայտվել կարելույն չափ կարճ նախադասություններով։Ինձ համար քիչ թե շատ աջող համեմատություն կամ նմանողություն ավելի գեղարվեստական արժեք ունի, քան գեղեցիկ բառերի ամբողջ շարանը, վասնզի որքան դյուրին է գեղեցիկ բառեր շարադրելը, նույնքան դժվար է պատկերներով խոսելը։ Գեղեցիկ բառերն այն ժամանակ են երկը զարդարում, երբ գործ են ածվում խնամքով ու չափավոր, երբ մանավանդ խնամվում են ածականները։ Ումի՞ն է հաճելի տեսնել որկրամոլի կերուխումը։ Երբ ես պահանջում եմ ոճի համառոտություն ու պարզություն, կան գրողներ ու բանաստեղծներ,մանավանդ արևմտահայերի մեջ, որոնք գիտակցաբար պարզությունը շփոթում են գռեհկության հետ և էժանագին սրախոսություններ են անում։ Շատ դժվար է և ապարդյուն է այդիսիների հետ վիճաբանելը։


Դուք ինձ հարցնում եք, օրվա որ ժամերին եմ գրում ե քանի ժամ եմ աշխատում։ Ինձ համար ժամերի տարբերություն չի եղել և չկա։ Գրում եմ, երբ գլուխս հանգիստ է, երբ նյարդերս գրգռված չեն, երբ վերջապես առողջ եմ։ Քանի որ զավակներս փոքր էին, գրում էի գիշերները, նրանց քնելուց հետո։ Իհարկե, մտավոր աշխատության լավագույն ժամա¬ 587