Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/67

Այս էջը սրբագրված է

Պիեսայի թարգմանությունը վերին աստիճանի անհաջող պիտի համարել, բայց դերակատարները բավական փոփոխել էին, նա, որ հայերեն գիտեր, խոսում էր մաքուր և ճիշտ, իսկ ով չգիտեր, աններելի սխալներ էր անում։ Պ․ Ս. Արծրունու եռանդուն աշխատությունը հայոց բեմի համար արժանի է շնորհակալության, բայց ժամանակ է, որ նա սկսե հայերեն սովորել։

ՑԵՑԵՐ

Վեպ Պերճ Պռոշյանի

Արդեն վեպի վերնագիրը պարզ գաղափար է տալիս նորա բովանդակության մասին։ Հեղինակը նպատակ է ունեցել այս գրվածքով երևան հանել գյուղական այն զանազան հարըստահարիչների տիպարները, որ այս կամ այն կերպ ցեցի պես ուտում են մեր ժողովրդին, ծծում են նորա արյունը և թունավորում կյանքը։ Եվ ահա նա յուր նոր վեպի համար համաձայն յուր մշտական սովորության, դարձյալ Արարատյան աշխարհի կյանքիցն է նյութ վերցնում։

Պ. Պռոշյանր, ինչպես երևում է, շատ է սիրահարված յուր ծննդավայրին, ուստի և բնավ չէ դուրս գալիս նորա սահմաններից յուր վեպերում։ Ոմանք այս հանգամանքը նորա համար պակասություն են համարում։ Դա գրականական սխալ է. նախ' այն պատճառով, որ վիպասանին չի կարելի մեղադրել, թե ինչո ւ նա այս երկիրն է նկարա գրում և ոչ մի ուրիշը, երկրորդ՝ ավելի լավ է, որ վիպասանը նկարագրի այն, ինչ որ յուր սրտին ավելի մոտիկ է և ինչ որ ճիշտ կարող է ուսումնասիրած լինել, քան թե այն, ինչ որ գուցե չէ սիրում և կամ անընդունակ է սիրելու և ուսումնասիրելու, և երրորդ' աշխարհագրական մեծությունը կամ դիրքը էական գրեթե ոչինչ նշանակություն չունի մի ժողովրդի բնավորությունը պատկերացնելու համար նորա ներկայացրած տիպերի մեջ։

Վիպասանի տաղանդի հատկությունից և ուժից է կախված, թե ինչ կերպ նա կօգտվի յուր ուսումնասիրածից։