Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/677

Այս էջը սրբագրված է

Այնինչ, անխտիր ամեն մի գրչակի պատկեր տպում են և ամեն մի համբակի գովում։ Ուղիղն ասած, այդ բոլոր «ռեխներից» հետո ես չէի կամենալ, որ ոչ քո և ոչ իմ պատկերը երեվար «Գեղունու» մեջ։

Այս բոլորի հետ միասին հայտնիր խորին հարգանքներս Հայր Պոտուրյանին։

Աբելյանը համը տարավ։ «Արմենուհին» պատճենը խնդրել եմ, այն էլ չի ուղարկում։

Այսօր դիմեցի Արմենյանին, թե նա էլ այնպես վարվի ինձ հետ, ինչպես այդ պարոնը, հարաբերություններս խզելու եմ խմբի հետ։


Այս օրերս կգամ քեզ, խոսելիք շատ ունիմ։ Պետք է խորհուրդդ հարցնեմ մի շատ լուրջ բանի մասին։

Ներողամիտ եղիր դեպի հոդվածս, եթե այն շատ թույլ է։

Քո սիրով Շիրվանզադե
19 փետրվ. 1910 թ., Փարիզ


Սիրելի բարեկամ

Բոլոր ուղարկածդ լրագրների համար ընդունիր շնորհակալությունս։ Նամակը Տ. Կամսարականից է։ Ուղարկում եմ քեզ ներփակյալ։ Կարդա և տես որքան ռուսահայ մտավորականներր կոպիտ և անկիրթ են իրանց տաճկահայ եղբայրների համեմատությամբ։ Այս նամակն ինձ հուզեց։ Հետո ետ կուղարկես։


Հոգեկան այս անտանելի վիճակում այդ տեսակ ընկերական համակրանաց արտահայտությունները իմ միակ մխիթարությունն են և ես երախտապարտ եմ իմ տաճկահայ եղբայրակիցների նրբազգացությանը։ Պիտի գրեմ Տիգրանին, որ թույլ տա այդ նամակը «Անահիտ»-ում տպելու կամ համանման բան գրի։

Եղբայր աղվեսները հալածում են զիս։Բայց փույթ շէ, ես կքալեմ այդ հարյուրավոր պոչավորների մեջ, իբրև առյուծ։