շշնջում էր օրիորդը ստեպ-ստեպ,— միթե իզո՞ւր էին իմ բարձր հույսերը նրա մասին։
Տոն օր էր։ Ռուբենը ազատ էր պաշտոնից։ Նա յուր սենյակում զբաղված էր մի գրությամբ, որ սկսել էր նոր բնակարան տեղափոխվելու երկրորդ օրը և որին նվիրում էր յուր ազատ ժամերը։
Մարիամը յուր սենյակում, փոքրիկ, անշուք թախտի վրա նստած, սպիտակ կտավից վարագույր էր կարում եղբոր սենյակի լուսամուտի համար։ Ամբողջ գործը բաղկացած էր երեք կարեգծերից։ Երկու օր էր նա տքնում էր և չէր կարողանում վերջացնել այդ հասարակ կարը։ Նրա անվարժ ձեռներր դողդողում էին, ասեղը շարունակ ծակում էր նրա մատները։
Հանկարծ նա Ռուբենի սենյակից լսեց Մելիք-Բարսեղյանի ձայնը։ Նա ակամա մի ցնցում զգաց, ձեռները թուլացան, կարը ընկավ ծնկների վրա։
— Ա՛ա, վերջապես, եկա՞ր,— դիմավորեց Ռուբենը բժշկին։
— Հազիվ ժամանակ կարողացա գտնել,— գոչեց բժիշկը շունչը կտրված,— հավատացիր, որ մի րոպե ազատ ժամանակ չունեի։
Նա շտապով հանեց ձեռնոցները, նստեց աթոռի վրա։ Ռուբենը յուր ձեռագիրը դրեց սեղանի արկղիկը։
— Այդ ի՞նչ ես թաքցնում,— հետաքրքրվեց բժիշկը ինչպես տեսնում եմ, դու էլ զբաղված ես։ Պարապիր, պարապիր, րոպեն թանկ է։ Բայց ո՞րտեղ է օրիորդը։ Յուր սենյակո՞ւմ։ Հույս ունեմ, որ առողջ է։ Հը՜մ, ասա տեսնեմ, կատարեցի՞ր խորհուրդս, գնացի՞ր հորեղբորդ մոտ:
Ռուբենը գլխով բացասական պատասխան տվեց։
— Իզո՜ւր,— արտասանեց բժիշկը, գլուխը ցավակցաբար շարժելով,— բայց ի՞նչ պիտի անես, ի՞նչ ես մտադիր անելու։
Գուցե նա դեռ շարունակեր յուր հարցուփորձը։ Բայց Ռուբենը այն ձևով էր պատասխանում, որ միանգամայն առիթ էր տալիս երկրարաբանության։ Բժիշկը սկսեց պատմել այն բոլորը, ինչ որ արել էր երկու շաբաթվա ընթացքում։