Հալաբյանր ձեռ տվեց համեստաբար, հարցրեց նրա առողջության մասին և աննկատելի կերպով սկսեց ընթանալ նրա հետ։ Մարիամին ճնշում էր նրա ուղեկցությունը, բայց քաղաքավարության զգացմունքը թույլ չտվեց հեռանալ նրանից։
— Իսկ ձեր եղբայրը առո՞ղջ է, լա՞վ է,— շարունակում էր խոսել Հալաբյանը,— ես նրան չեմ հանդիպում, ո՞րտեղ կարելի է տեսնել։ Դուք, կարծեմ, այժմ առանձին եք ապրում։ Չէ՞։
Մարիամը սիրտ առավ։ Ինչո՞ւ վախենալ մի մարդուց, որ այնքան համեստ է և այդքան հետաքրքրվում է Ռուբենի վիճակով։ Ի՞նչ ամոթ բան է նրա հետ միասին գնալը։ Ամենը գիտեն, որ նա Մարիամի վաղուցվա ծանոթներից է և, վերջապես, ի՞նչ վատ մարդ է։
Սակայն չնայելով այս մտքերին, օրիորդը քանի մոտենում էր վարժուհու բնակարանին, այնքան կամենում էր ազատվել Հալաբյանի ուղեկցությունից։ Փողոցի ծայրում նա ձեռ տվեց նրան և շտապեց հեռանալ, փոխելով յուր ճանապարհը։
— Գիտե՞ս, Մարո,— ասաց հետևյալ օրը Ռուբենը, երբ Մարիամը հայտնեց, թե պատահել է Հալաբյանին, — ես կարծում եմ, որ նա վատ մարդ չէ։ Ես էլ այսօր պատահեցի նրան։ Այդ մարդը ավելի անկեղծ ցավակցություն հայտնեց ինձ, քան թե… ուրիշները։ Նա ինձ շատ խնդրեց, որ ազատ ժամանակ գնամ յուր մոտ։
— Եվ պիտի գնա՞ս։
— Տեսնենք։
Մյուս օրը Ռուբենը ճաշից հետո, մի փոքր ուղեկցելով քրոջը, սկսեց միայնակ անցուդարձ անել պրոսպեկտի վրա։ Նա հանդիպեց Հալաբյանին, որ Դվորցովայա փողոցի ծայրում կանգնած աննպատակ նայում էր դեսուդեն։ Հենց որ տեսավ, ժպտալով մոտեցավ Ռուբենին։ Նրանք մի փոքր զբոսնեցին։
Աշնանային օրը ամպամած էր, նոր֊նոր անձրև էր սկսվում։ Զբոսնողների թանձր բազմությունը հետզհետե ցրվում