Տան գրավի ժամանակը շուտով կլրանա, նա փող չունի բանկի տոկոսները վճարելու, տունը երևի կծախվի։ Մյուս կողմից շրջապատել են մասնավոր պարտատերերը։
— Իսկ ես լսեցի, որ դուք նրան օգնում եք,— ասաց Ռուբենը, անկեղծ ցավակցելով յուր հորեղբոր վիճակին։
— Կօգնեի, եթե ինքը ավելի մարդավարի վարվեր յուր ազգականների հետ։ Նա կարող էր ձեզ չզրկել, պարոն Ռուբեն…
— Նա ինձ չի զրկել,— պաշտպանեց Ռուբենը յուր հորեղբորր։
— Թողե՛ք, ի սեր աստուծո, խոմ ինձանից թաքցնել չեք կարող։ Ձեր հանգուցյալ հոր գործերը ինձ ամենից ավելի էին հայտնի: Ես ամեն բան գիտեմ, ամեն բան։
Ռուբենը սկսեց ավելի պաշտպանել հորեղբորը։ Նա վատ մարդ չի, նա չէր զրկիլ, եթե ունենար։ Նա դարձյալ յուր պարտքերը կտա, եթե գործերը հաջողվին։
— Երանի թե նա չխայտառակվի,— ավարտեց երիտասարդը ոգևորված։
— Ձեզ ի՞նչ, թող խայտառակվի։
— Ոչ, ոչ, մի՛ ասեք, պարոն Հալաբյան, նա իմ հորեղբայրս է, մեր ազգանունը միևնույնն է։
Հալաբյանը լռեց, և սկսեց թեյը գդայով խառնել: Հարձակվելով Նիկողայոս Սադափյանի վրա, նա կարծում էր, թե այդպիսով կշահի Ռուբենի սիրտը։ Երբ տեսավ, որ երիտասարդը անկեղծ է պաշտպանում յուր հորեղբորը, մտածության մեջ ընկավ…
Այնինչ Ռուբենի սրտում վառվել էր բնածին բարության և ներողամտության զգացմունքը։ Նա ոգևորվել էր ինքն յուր ասածով։ Ի՜նչ պատվական խրատ և ազնիվ պատիժ տված կլինի տիկին Սոփիոյին, եթե կարողանա յուր քրոջ զրկանքի փոխարենը բարեսրտությամբ հատուցանել։
— Դուք շատ վեհանձն եք,— խոսեց Հալաբյանը, թիկն տալով բազկաթոռին։— Ես կարծում եմ, որ Նիկողայոսը արժանի չէ ձեզպես ազգական ունենալու։
— Ոչ, պարոն Հալաբյան, հավատացեք, նա արժանի է