հայտնի՛ր սրտիդ ցավը քեզ սիրող ընկերուհուդ։ Էէէ, այդ չեղավ, դու փոխանակ խոսելու, լաց ես լինում...
Եվ իրավ Մարիամը չկարողացավ զսպել յուր արտասուքը։ Ընկերուհու անկեղծ կարեկցությունը շարժեց նրա սիրտը։ Նա, զգացված, ձեռները փաթաթեց վարժուհու պարանոցին, գլուխը դրեց նրա ուսի վրա և սկսեց հեկեկալ: Անցան առաջին վայրկյանները, նրա սիրտը փոքր-ինչ հանդարտվեց։ Նա արտասուքը սրբեց, նայեց ընկերուհու աչքերին և այլևս չկարողացավ թաքցնել այն, ինչ որ վաղուց մի հոգեկան պահանջ էր զգում պատմելու մի մտերիմ կնոջ և, ինչ որ ինքնասիրությունը մինչև այդ րոպե չէր թողնում պատմելու։ Ոչ մի խոսքով, ոչ մի թույլ ակնարկով նա դժգոհություն չհայտնեց Մելիք-Բարսեղյանի դեմ։ Նա բոլոր մեղադրանքը բարդեց յուր վրա, որ այնպես մոռացավ ինքն իրան, որ այնպես հափշտակվեց, և ահա այսօր այդքան տանջվում է։
— Գիտես ինչ, սիրելիս,— ասաց վարժուհին խորին կարեկցությամբ, լսելով ընկերուհու համառոտ պատմությունը,— ես ինքս թեև չեմ սիրահարվել մինչև օրս, բայց զգում եմ քո դրությունդ։
— Երանի քեզ, երանի, որ չես սիրահարվել,— գոչեց Մարիամը դողդոջուն ձայնով,— ա՛խ, որքա՜ն նախանձում եմ քեզ։
— Նո՛ւ, նախանձելու բան, ասենք, չկա, ո՞վ էր ինձ սիրողը, որ ես էլ նրան սիրեի։ Իմ տգեղությունը ինձ ազատ է պահում այդ տեսակ փորձանքներից։
Վերջին խոսքերը արտասանելիս վարժուհին, զսպելով յուր հառաչանքը, ծիծաղեց, յուր ընկերուհուն զվարճացնելու համար։ Իսկապես նա արդարացի չէր յուր վերաբերմամբ. նա այնքան էլ տգեղ չէր, որքան վատաբանում էր ինքն իրան։ Հասակով Մարիամից քիչ ցածր, դեմքով գուցե ավելի գեղեցիկ էր, եթե անգութ ծաղիկը տասը տարի առաջ այդ գեղեցկությունը հավիտյան արատավորած չլիներ յուր խոշոր հետքերով։
— Հանգստացիր սիրելիս,— մխիթարում էր նա Մարիամին մայրական քնքշությամբ։— Պառավների խոսքով ասած,