Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/126

Այս էջը հաստատված է

գրողը տանի այդ տղամարդերին։ Արժե՞ նրանց համար այդպես տանջվել, այն էլ քեզ նման սիրուն աղջկան։ Ո՞ւմ վրա ուշադրություն դարձնես, որ քեզ համար չի գժվի։ Եթե ինձ հարցնես, ես կասեմ՝ թող իսկի ոչ ոք էլ չսիրի քեզ։ Չե՞ս կարող առանց տղամարդի ապրել։ Աստված վկա, կարող ես։ Ինչո՞ւ ես ապրում եմ, և վճռել եմ ապրել մինչև մահ։ Գիտե՞ս ինչից է, որ դու այդքան տանջվում ես, որովհետև զրաղմունք չես ունեցել մինչև օրս։ Հապա, ինձ նման սիրիր աշխատանքը, տես կմոռանաս, թե չէ։

— Սովորեցրու ինձ, սովորեցրու մոռանալ, Սաթենիկ, և ես կմոռանամ,— արտասանեց Մարիամը հուզված, նայելով ընկերուհու աչքերին և նախանձով նրանց մեջ փայլող հոգեկան մխիթարիչ անդորրությանը։

— Աչքիս վրա, բարեհաճիր նստել բանիդ։ Մարո, հավատացիր, աշխատանքից ավելի սիրելի բան չկա, մանավանդ երբ տեսնում ես աշխատանքիդ պտուղները։ Տե՜ս, այդ կոպտացած մատներս իմ սրտի ամենամեծ մխիթարիչներն են։ Արի վաղը առավոտյան ինձ մոտ, տանեմ քեզ իմ ուսումնարան, դու կտեսնես այնտեղ իմ խոսքերի ճշմարտությունը։ Տես, այնտեղ իմ փոքրիկ աշակերտուհիները ի՜նչպես են բանում, ի՜նչպես են աշխատում։ Անկեղծ եմ ասում, երբ նայում եմ նրանց, երբ տեսնում եմ, թե ինչպես նրանց փոքրիկ ձեռները օրեցօր ավելի ու ավելի վարժվում են, մի հպարտություն եմ զգում, եռանդս ավելանում է։ «Ահա իմ աշխատանքի պտուղը, ասում եմ ինքս ինձ, այդ աղջիկները, այդ աղքատ ընտանիքների զավակները արհեստ են սովորում ինձանից։ Նրանցից ամեն մեկը ժամանակին կարող է յուր գլուխը պահել, ով գիտե, ծնողներին էլ պահել յուր ձեռքի աշխատանքով, ինչպես ես այժմ պահում եմ ինձ և երկու փոքրիկ քույրերիս»։ Մարո, երկու տարի շարունակ արտասահմանում ես լսել եմ իմ ուսուցիչներից. «սիրիր աշխատանքը, սիրիր, և դու միշտ բախտավոր կլինես»։ Այժմ տեսնում եմ, թե որքան ճշմարիտ էին այդ խոսքերը։ Այո, աշխատանքը կարող է մարդուս բախտավորեցնել։

— Երանի թե ես էլ քո ճանապարհով գնացած լինեի,—