Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/133

Այս էջը հաստատված է

նրա վրա։ Նա և՛ ուրախ էր, և՛ խղճում էր Ռուբենին ու Մարիամին։ Ա՜խ, որպիսի հաճությամբ նա կօգներ, եթե իմանար, թե չի վիրավորիլ նրանց ինքնասիրությունը։ Նա չէր ուզում դուրս գալ, նա կամենում էր որևէ կերպով առաջարկել յուր օգնությունը Ռուբենին։ Հանկարծ մի միտք լուսավորեց նրա ուղեղը։ Մարիամը արդեն անցել էր յուր սենյակը, րոպեն հարմար էր։

— Դուք ժամանակ ունե՞ք մասնավոր դասերով պարապելու,— հարցրեց նա Ռուբենից։

— Ինչու չէ։

— Ես մի քրոջ որդի ունեմ, գիմնազիայի հինգերորդ դասատան աշակերտ է։ Դուք, երևի, նրա մեծ եղբայրներին ճանաչում եք։ Անկարգ տղերք են, ես գիտեմ, որ դուք նրանց չեք հավանիլ։ Բայց այդ մեկը, ամենից փոքրը, խելոք տղա է, ես միայն նրան եմ սիրում, ուզում եմ, որ մյուս եղբայրների նման կիսատ-պռատ ուսում չառնի։ Կհամաձայնե՞ք դասեր տալ նրան մինչև հարցաքննությունների ժամանակ։

Ռուբենը հաճությամբ հայտնեց յուր պատրաստակամությունը։

Նա ուրախացավ, որ մի բանով կարող է յուր հորեղբոր օգնողի բարության փոխարենը մասամբ հատուցանել։

— Երբ որ հրամայեք, պատրաստ եմ։

— Թե ժամանակ ունեք, հենց էգուցվանից սկսեցեք։ Գիտեք, ես ուզում եմ նրան մյուս եղբայրներից հեռացնել։ Նրան կբերեմ իմ տուն, դուք էլ տանս կպարապեք նրա հետ։ Պայմանների մասին չեմ խոսում, որքան կամենաք...

— Առանց որևէ պայմանի, պարոն Հալաբյան, — ընդհատեց Ռուբենը։ — Դուք իմ հորեղբորս օգնելիս, պայման չառաջարկեցիք։

— Լավ, լավ, էգուց եկեք, կխոսենք,— շտապեց ավելացնել Հալաբյանը, վախենալով, որ մի գուցե Ռուբենը բոլորովին հրաժարվի։

Ամուրին հեռացավ մի փոքր թեթևացած սրտով։ Ախորժելի էր նրա համար ամեն կերպ պարտավորեցնել Ռուբենին և այդպիսով մասամբ բարոյապես կաշկանդել նրան։

— Լսեցի՞ր, Մարո,— դարձավ Ռուբենը Մարիամին,