Հանդիսականները հետզհետե հավաքվում էին։ Նախասենյակում խռնված էր կոչված և անկոչ կարգադրիչների մի խումբ։ Այստեղ, մի անկյունում, տրոպիկական բույսերի տերևների միջից, երևում էր չորրորդ տոմսավաճառի գլուխը։ Սանդուղքից վեր բարձրացողին ուժով քաշում էին այդ օրիորդի մոտ և ստիպում տոմսակ վերցնել։
Մոտ տասը ժամն էր, երբ, վերջապես, երևեցավ Նատալիան մոր ուղեկցությամբ։
— Նատո, այդպես չի կարելի ուշանալ,— հանդիմանեց իշխանը շշնջյունով,— ամենը քեզ են սպասում։
Սակայն Նատոն վատ էր տրամադրված, յուր քեռու նկատողությունը անուշադիր թողեց։ Մադամ Կուրաժոն խաբել էր նրա հույսը, նոր հագուստը դուր չէր եկել օրիորդին, որքան սպասում էր։ Նա հանդիմանել էր մադամին շատ կոպիտ խոսքերով, և վերջինը, ակնարկելով օրիորդի նիհարությունը, պատասխանել էր.
— Մադմուազել, մեղավորը ձեր ցցված ոսկորներն են, կան բաներ, որ մոդիստկան չի կարող ուղղել։ Այնուամենայնիվ Նատալիան հագել էր յուր նոր հագուստը, որ կարված էր կաթնագույն նուրբ մետաքսից և զարդարված պարիզյան վոլանսե կրուժևաներով։ Նրա ուսերն ու թևերը կիսով չափ բաց էին։
Ճանապարհին մայրը նրան հորդորել էր, որ մոռանա տխուր անցքը, յուր դեմքին զվարթություն տա։ Բարձրանալով սանդուղքով վեր, նրա աչքերի մեջ փայլեց ինքնագոհություն, բարակ շրթունքների վրա տխրությունը տեղի տվեց սովորական գոռոզ ժպտին։ Նա մի կողմնակի հայացք ձգեց հայելիի մեջ, հագուստը այնքան էլ վատ չէր նստում, որքան կարծում էր։ Նա մի առանձին հաճություն զգաց, տեսնելով յուր պարանոցի կաշվի քնքշությունը, և մի անգամ ևս մտքում հայհոյեց մադամ Կուրաժոյին։ Ընդհանրապես նա տգեղ չէր, կային մարդիկ, որ մինչև անգամ շատ գեղեցիկ էին համարում նրան, գովելով նրա բարակ մեջքը, երեսի գույնը և թուխ-թուխ, թանձր հոնքերը։
Նա լսեց մի քանի կոմպլիմենտներ, նրան շրջապատեցին, նա զվարթացավ։ Հովհարի ծայրը, անգլիական պոլիսմենի