նրա՛նց, որոնք վիճակախաղի վրա կորցրել էին իրանց վերջին ռուբլիները։ Մի տիկին, դահլիճի մուտքի մոտ նստած, հաշվում էր երեկույթի եկամուտը։ Մի ուրիշ տիկին, հեռվից, նրան ծաղրում էր յուր խոսակիցների հետ։
— Ես զարմանում եմ,— ասում էր ծաղրողը, դեմքը ծռմռելով,— այդ մարդիկ երևակայում են, որ գործ են շինում: Ընկել են բազարները, ինչ «խլամ» ասես հավաքել են, բերել մանրավաճառի խանութ բաց արել... Ֆի դո՜ն, ես զզվում եմ։
— Եվ ի՞նչ հասարակություն են հավաքել, տեր աստված, ով որ ասես կա, — հարեց նրա խոսակիցը։
— Չէ, չէ, գլխավորն այն է, չեն ամաչում, գնացել են ու կոմսուհի Նավալիխինային հրավիրել, խի-խի-խիի՜։
— Սուտ իշխանի աղջկանից կամ նախկին բազազի կնկանից ավելի բան սպասել չէր կարելի։
Այսպես, բամբասանքներին, արհամարհական ակնարկներին, ժպիտներին, կծու ակնարկություններին վերջ չկար։ Եվ ամենի ուշադրության կենտրոնը տիկին Սոփիոն էր յուր աղջկա հետ։
Նատալիան ստեպ-ստեպ մոտենում էր կոմսուհուն և զբաղեցնում նրան։ Ամեն ճիգ գործ էր դնում, որ բարձրաստիճան տիկինը գոհ լինի և գլխավորապես այդ բանի մեջ էր տեսնում երեկույթի հաջողությունը։ Տիկին Սոփիոն այնքան չէր զբաղված կոմսուհով, որքան Հալաբյանին յուր մոտ ունենալու մտքով։ Իսկ Հալաբյանր չկար, չէր երևում, և տիկինը կատաղությունից մատներն էր կրծոտում, զգալով, որ նա այս երեկո ևս ընկած է Մարիամի հետևից։
Դահլիճը թնդում էր երաժշտության փողերի ու թմբուկների հնչյուններից, պարողների ոտների տրոփյունից։ Մերթ ընդ մերթ լսվում էր պարագլուխ սպայի խրոխտ, բարձր ձայնը, որ ղեկավարում էր պարողներին։
— Ձերդ պայծառափայլություն, կարծյոք, բավական զվարճալի է, այս, ներեցեք ասել, բա՜ալը — դարձավ կոմսուհուն նրա ուղեկիցներից մեկը հեգնաբար։
Կոմսուհին ժպտաց։