Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/147

Այս էջը հաստատված է

Հերքեցեք, եթե սուտ եմ ասում, պաշտպանվեցեք, եթե ասածս զրպարտություն եք համարում, հերքեցեք, որ դուք... մի մի մի... բախտախնդիր չեք...

Քանի խոսում էր օրիորդը, հետզհետե կորցնում էր սառնությունր և նրա սրտի դառնությունը ավելի ու ավելի զգացվում էր աստիճանաբար հուզվող ձայնի ելևէջների մեջ։ Եվ նրա նիհարությունը, նրա դեմքի գունատությունը, նրա աչքերի հիվանդոտ փայլը սարսափեցնում էին բժշկին։ Նա ցնցվում էր օրիորդի ամեն մի խոսքից, նա անդադար նայում էր յուր շուրջը։ Վերջին խոսքը նրան բոլորովին զինաթափ արավ։ Նա ցանկանում էր, որ այդ րոպեին ներս մտնի մի ծանոթ մարդ և վերջ դնի այդ տագնապալի դրությանը։ Սակայն երաժշտության ձայնը դեռ լսվում էր, պարերը դեռ շարունակվում էին։ Երբեմն-երբեմն միայն մի հանդիսական մտնում էր սենյակի մի դռներով և իսկույն դուրս գալիս մյուս դռներով, ծուլորեն նայելով աջ ու ձախ և ուշադրություն անգամ չդարձնելով նրանց վրա։

— Ախ, տեր աստված,— փոխեց հանկարծ յուր ձայնը Մարիամը, վերջապես, չկարողանալով շարունակել յուր կեղծ սառնասրտությունը,— ի՜նչ եմ ասում, որքա՜ն հիմար եմ ես։ Ո՞ւմ հետ եմ խոսում։ Ի՞նչ եմ պահանջում ես ձեզանից: Դուք լռում եք, դուք չափից դուրս շփոթված եք, դուք ուզում եք փախչել ինձանից։ Գնացեք,— ավելացրեց նա, մի վայրկյան լռելուց հետո,— ես չեմ կարողանում ձեզ հետ սառնասիրտ խոսել։ Թողեք ինձ, հեռացեք, դուք ազատ եք, այնտեղ ձեզ սպասում են... ուրիշները։

Նա թուլացած թիկն տվեց գահավորակին։ Նա զգում էր, որ ինքն էլ չգիտե ինչ է ասում, որ առհասարակ այն չի խոսում, ինչ որ հարկավոր էր խոսել։ Նրա դողդոջուն ձեռը ուժգնակի շարժում էր լայն հովհարը։ Նա զգաց օդի սաստիկ պակասություն, նրա շնչառությունը ծանրանում էր։

— Չե՞ք կամենում դահլիճ անցնել,— լսեց նա բժշկի ձայնը, և այդ ձայնը հնչեց նրա ականջին իբրև մի հանդուգն հեգնություն, իբրև մի սառն արհամարհանք։

Այլևս միանգամայն ավելորդ էր խոսել։ Նա ճիգն արավ և անսպասելի արագությամբ ոտքի կանգնեց։ Նա նայեց