— Խնդրեմ եղբորս գտեք և ուղարկեցեք ինձ մոտ, ես այստեղ կսպասեմ:
Նա ուժասպառ, թուլացած նստեց ընդարձակ հյուրասենյակի մի կիսալուսավոր անկյունում։
Հալաբյանը տեղից չշարժվեց։ Չկարողանալով զսպել յուր բուռն հետաքրքրությունը, նա թաքնվել էր սենյակի մի անկյունում և ականջ դրել Մարիամի խոսակցությանը բժշկի հետ։ Օրիորդի մի քանի, անզգույշ կերպով բարձր արտասանված դարձվածները այլևս պարզեցին նրա համար մի չարագուշակ գաղտնիք։ Ուրեմն Մարիամը սիրում է այդ երիտասարդ բժշկին, իսկ նա... արհամարհում է։ Նա պատրաստ էր նույն րոպեին հարձակվել Մելիք-Բարսեղյանի վրա, տալ նրան մի խայտառակ ապտակ։ Նա կատաղած էր և՛ Մարիամի դեմ։ Ի՛նչ, մի երիտասարդ արհամարհում է նրան, և նա դեռ հետամուտ է լինում նրան։
— Գտեք եղբորս, խնդրում եմ ձեզ,— ասաց օրիորդը կրկին։
Հալաբյանը մեքենաբար շարժվեց տեղից և սկսեց աչք ածել յուր շուրջը։ Երեկույթը դեռ շարունակվում էր։ Պարերից հոգնած զույգերը անցուդարձ էին անում, ուրախ-ուրախ խոսակցելով։ Դահլիճը կիսով չափ դատարկվել էր։
Նրան մոտեցավ մոսիո Վախվախյանը և ասաց, թե իշխան Սահարանին կանչում է։ Նա ուշադրություն չդարձրեց, անցավ։
— Վերջապես գտա քեզ,— լսեց նա դահլիճում իշխանի ձայնը։ — Նո՛ւ, գնանք, քեզ են սպասում։
— Ինձ ոչ ոք չպիտի սպասի, ես գործ ունեմ։
— Չի կարելի, դու մերոնց խոսք ես տվել միասին ընթրելու։
Նոր միայն ամուրին հիշեց, որ արդարև, յուր գլուխը ազատելու համար, ակամա խոսք էր տվել Նիկողայոսին։
Նա ուշադրություն չդարձրեց իշխանի վրա։ Նա դիմեց առաջ։ Այս անգամ նրան հանդիպեց տիկին Սոփիոն։
— Ախ, պարոն Հալաբյան, ես ձեզ էի պտրում,— ասաց տիկինը ուրախ-ուրախ։ — Երևակայեցեք, կոմսուհի Նավալիխինան այնքան գովեց մեր բալը, այնքան գովեց, որ չգիտեմ...