Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/152

Այս էջը հաստատված է

անշարժ, արձանացած։ Այդ անորոշ խոսքերի մեջ նա զգաց շատ որոշ, շատ պարզ և շատ չարամիտ մի ակնարկություն։ Նա սարսափեց։

«Ուրիշի պատառի՞ն»,— արտասանեց նա, մեքենաբար, ձեռով շփելով ճակատը։ Նա չիմացավ, թե ինչպես ցած իջավ, ինչպես ծառան հագցրեց վերարկուն, և միայն երբ դուրս եկավ փողոց, երբ ձմեռային սառն օդը խփեց նրա ճակատին, սթափվեց փոքր-ինչ։ Այն ժամանակ նրա կրծքից մի ծանր հառաչանք դուրս թռավ, և նա արտասանեց.

— Ես անբախտ եմ։


XII

Մարիամի կծու հանդիմանությունները մի որոշ աստիճանի ազդեցություն գործեցին բժիշկ Մելիք-Բարսեղյանի հոգու վրա։ Երեկույթից հետո մի քանի օր շարունակ նրա ականջին հնչում էին օրիորդի վիրավորական խոսքերը, իբրև սուր բողոք յուր անարժան վարմունքի դեմ։

Սակայն անցավ թարմ տպավորությունը, և նրա խիղճը փոքր առ փոքր սկսեց հանդարտվել։ Այս անգամ ևս նրան օգնեց սառն, անկիրք դատողությունը։ Չէ՞ որ վիրավորողը Մարիամն է եղել։

«Իսկ ես միայն լսեցի նրա կոշտ ու կոպիտ հայհոյանքները։ Ասենք իմ արածս, նրա կարծիքով, լավ բան չէ, բայց նրա արածը խոմ ավելի վատ էր»։

Ուրեմն պատիժը կատարված է, պարտքը վճարված է, հաշիվը վերջացած է։

Բայց արդյոք այդ երեկո հասարակությունից ոչ ոք չէ՞ լսել նրանց խոսակցությունը — ահա այն միակ միտքը, որ սաստիկ անհանգստացնում էր բժշկին։ Եթե նա համոզված լիներ, որ այդ անախորժ տեսարանին ոչ ոք վկա չի եղել և առհասարակ գաղտնիքը չէ հայտնվել ուրիշին, որքան դյուրին կլիներ նրա համար մոռանալ ամեն ինչ և անձնատուր լինել սովորական զբաղմունքներին։ Բայց նա կասկածում էր, և կասկածում էր ամենից ավելի Հալաբյանի վերաբերմամբ։

Նրա սուր աչքերը նկատել Էին Հալաբյանին այն պահին,