— Չեմ կարող,— արտասանեց բժիշկը գրական եղանակով:
Կինը մի հուսահատական շարժումն արավ:
— Ես կսպանեմ ինձ,— լսվեց նրա աղերսալի ձայնը քողի տակից,— ես ինձ կսպանեմ, եթե չազատեք այս դրությունից։ Իմ բոլոր հույսերս ձեզ վրա են, ուրիշին դիմել չեմ կարող, այստեղի բժիշկները ամենը ճանաչում են մեզ։ Դուք նոր մարդ եք, դուք երիտասարդ եք, բարի եք, օգնեցեք։
Հետզհետե նրա թուլացող ձայնից երևում էր, որ նա արտասվում է, որ առհասարակ նրա դրությունը շատ հուսահատական է։
— Չեմ կարող,— կրկնեց բժիշկը մի անգամ ևս, բայց ոչ առաջվա հաստատակամությամբ,— այդ կլինի իմ կազմից մի հանցանք գիտության սուրբ ավանդությունների դեմ։
— Բայց միթե հանցանք չի՞ լինիլ ինձ սպանելը,— աղերսում էր անծանոթը,— միթե դուք թույլ կտա՞ք, որ մի երիտասարդ կին մեռնի խայտառակությունով: Բժիշկ, ես պատրաստ եմ ձեզ վարձատրել, ինչքան ուզում եք, օգնեցե՛ք:
Վերջին խոսքերը բարկացրին բժշկին, գոնե այսպես ձևացրեց նա իրան։
— Տիրուհի,— ասաց նա խոտորեն,— մի մոռանաք, որ ես պատիվս փողով ծախողներից չեմ:
— Ներողություն, ես այդ չէի ուզում ասեր: Ես գիտեմ, լսել եմ ձեր մասին, խնդրում եմ, խղճացե՜ք ինձ։
Բժիշկը լուռ էր: Նրա դեմքի սառն արտահայտությունը տեղի տվեց մտախոհության։ Փորձնական տագնապալի րոպեն անցավ։ Բժիշկը վերցրեց սեղանի վրա դրած մեծադիր գրքերից մեկը, թերթեց մի քանի վայրկյան և կրկին դրեց տեղը։ Հետո նա ձեռով վճռական շարժումն արավ, կարծես, միանգամայն հեռացնելով իրանից ծանր մտքերի մի շարք։
— Ձեր հասցե՞ն,— հարցրեց նա հանդարտ։
Անծանոթ կինը հառաչեց, բռնեց նրա աջը, շնորհակալությամբ ամուր սեղմեց և հետո մատիտով նշանակեց թղթի կտորի վրա յուր տան տեղը։