Այս երկրորդ հանդգնությունը միանգամայն ապշեցրեց Ռուբենին։
— Ի՞նչ, դու դեռ համարձակվում ես արածդ մոռանա՜լ, դու դեռ հարցնո՞ւմ ես։
Խոսակցությունը տեղի ուներ փողոցի մայթի վրա, և այդ սաստիկ անհանգստացնում էր բժշկին։ Նա անդադար նայում էր աջ ու ձախ, վախենալով մի գուցե Ռուբենի հետզհետե գրգռվող ձայնը անցորդների ուշադրությունը գրավի։
— Ռուբեն,— ասաց նա մեղմ և համոզիչ ձայնով, միևնույն ժամանակ, աջ ձեռը դնելով ընկերոջ ուսի վրա,— ես տեսնում եմ, որ այսօր քեֆդ տեղը չի։ Ահա կառք, չե՞ս բարեհաճիլ արդյոք գնալ ինձ հետ տունս։ Ես մի երկու ժամ ազատ ժամանակ ունեմ, կարող եմ նվիրել քեզ։
Ռուբենը լուռ էր։
Գնաց բժշկի տունը — նա երբեք չէր համաձայնվի, բայց խոսել նրա հետ վերջին անգամ, պահանջել վերջին բացատրությունը — այդ նա ցանկանում էր վաղուց։ Արդեն հինգ շաբաթ էր անցել այն երեկույթից, երբ Մարիամի հետ խոսելուց խույս տվեց բժիշկը, և այսօր Ռուբենը առաջին անգամն էր պատահում նրան։ Նա գիտեր, որ այսուհետև բժիշկը աշխատելու է հեռու պահել իրան։ Ինչպե՞ս հարմար առիթը բաց թողնել, ինչպե՞ս անպատիժ թողնել նրան, ինչպես թույլ տալ, որ նա այդպես հեշտությամբ ազատվի պատասխանատվությունից։
— Ես քո տան շեմքը ոտք դնել չեմ կարող,— պատասխանեց Ռուբենը, հազիվ զսպելով կատաղությունը,— բայց քեզ հետ պետք է խոսեմ, որովհետև ստիպված եմ խոսել։ Անցնե՜նք մի փոքր։
Նրանք գնացին միասին և հասան փողոցի ծայրը։ Ռուբենը առաջարկեց նրան մտնել մոտակա սրճարանը։ Խանութի ձև ունեցող մի բավական ընդարձակ դահլիճում, առանձին սեղանների շուրջը, նստած էին մի քանի, վայելուչ հագնված, մարդիկ. որը սուրճ էր խմում, որը գարեջուր, որը նարդի էր խաղում։ Ընդհանուր աղմուկի միջից որոշ լսվում էր մոսիո Վախվախյանի խրոխտ ձայնը։ Բժիշկը նայեց պատերին