Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/165

Այս էջը հաստատված է

եմ և հետո երես դարձրել։ Տեսնո՞ւմ ես, Ռուբեն, ես ոչինչ չեմ թաքցնում, բոլորը ասում եմ։ Այո, պարզ ասում եմ, որ քրոջդ ես սեր եմ խոստովանել, որ ամբողջ երկու ամիս ամառանոցում հավատացրել եմ նրան, թե վաղուց, շատ վաղուց է նրան սիրում եմ, որ այդ երկու ամսվա ընթացքում, բացի սիրո ցույցերից, ուրիշ բան չի հետաքրքրել ինձ։ Խոստովանում եմ և այն, որ ես երդվել եմ կյանքս կապել նրա կյանքի հետ հավիտենական կապով։ Եվ ահա այսօր նա զգում է, որ ես սառել եմ դեպի նա, որ ես փախչում եմ նրանից։ Իհարկե, ով լիներ նրա տեղը, ինձ մի անամոթ, անխիղճ, անպատկառ շառլատան պիտի համարեր։ Բայց համբերիր, այդպե՞ս է արդյոք, ճշմարի՞տ ես շառլատան եմ, թե՞ արդարանալու պատճառներ ունեմ։ Խոմ չի կարելի այդպես շտապ դատավճիռ կայացնել։ Ռուբեն, Մարիամը կին է, գիտես, որ կինը առհասարակ շատ էլ խորը դատել չգիտե: Իսկ դո՛ւ, դու տղամարդ ես, դու պետք է խելքիդ հավատաս, դու չպիտի ենթարկվես րոպեի ազդեցության։ Ես ասեմ, դու մտածիր, մեղավոր եմ, թե՞...

Եվ նա սկսեց պարզել յուր պատճառաբանությունը։ Վերցնելով աղքատությունը իբրև հիմք լուր տրամաբանության, նա շատ լրջամիտ, շատ խոհուն կերպով և հաջողաբար արծարծեց այն, ինչ որ վաղուց պատրաստել էր ուղեղում։ Նա զարմանալի արվեստագիտությամբ պատկերացրեց չքավոր ամուսինների դրությունը, նրանց դառն կյանքը, նրանց հոգեկան աննախանձելի վիճակը։ Նա մեջ բերավ և՛ զավակներին, խղճալի գույներով ներկայացրեց նրանց բախտը։ Տեղ-տեղ նա չդուրս եկավ իրականության սահմանից, բայց և տեղ-տեղ զոռելով երևակայությանը, թշվառությունը կրկնապատկեց անխիղճ կերպով։

- Ահա այս ամենը աչքի առաջ ունենալով,— շարունակեց նա, խրախուսվելով Ռուբենի լռությունից, որ համաձայնության տեղ էր ընդունում,— ես չեմ վստահում խոստումս կատարել: Ավելի լավ է դավաճան երևալ Մարիամի աչքում, քան նրան դժբախտացնել։ Հավատացիր, ես դարձյալ սիրում եմ նրան, օ՜օօ, սիրում եմ, և հենց սիրելուց եմ այդպես վարվում։ Թող ես տանջվեմ, թող չարչարվեմ, միայն