Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/166

Այս էջը հաստատված է

թե իմ պատճառով նրա ամբողջ կյանքը չթունավորվի։ Ես չեմ ուզում անսիրտ էգոիստ լինել։ Մարիամը գեղեցիկ է, երիտասարդ, կրթված, խելոք, միշտ ինձանից ավելի տասնապատիկ հաջող ընտրություն կարող է անել։ Նա սովոր է փարթամ ապրել, իսկ ե՞ս, ես ո՞վ եմ, աղքատության մեջ ծնված, աղքատության մեջ մեծացած մի համեստ, մի աննշան բժիշկ, որի նմանները շատ կան Թիֆլիսում։ Մարիամին հարկավոր է անհոգ, առատ և շքեղ ապրուստ։ Իսկ ես միջոց չունեմ, ես աղքատ եմ։ Մեղք չէ՞, որ ես այդ քնքուշ արարածին ձգեմ օրվա հացի կարոտության մեջ։ Նրա՞ն, Մարիամի՛ն, օ՜օօ, Ռուբեն, մտածի՜ր, նա կարող է ուրիշի հետ բախտավոր լինել, նրա հետևից ընկած են հարուստ մարդիկ։ Ես այդ գիտեմ. դեռ կես ժամ սրանից առաջ ես մի շատ պատվավոր ընտանիքումն էի, որտեղից դուրս գալիս դու պատահեցիր։ Այնտեղ ինձ ասացին, որ հայտնի հարուստ Հալաբյանը իբր թե… այո, ինչու թաքցնեմ… իբր թե Մարիամին առաջարկություն է արել։ Այդ կատարյալ բախտավորություն է։ Եվ դու եթե տեսնեիր, թե այն ընտանիքում ինչպես նախանձում էին Մարիամին, կհավատայիր…

Մինչև այդ վայրկյան Ռուբենը լուռ էր։ Զսպելով իրան, նա թույլ տվեց բժշկին ասել բոլորը, ինչ որ կամենում էր։ Բայց վերջին խոսքերը այլևս սպառեցին նրա համբերության վերջին կաթիլը։ Նա դողաց ամբողջ մարմնով, այդչափ սառն հանդգնություն նա տակավին չէր սպասում յուր նախկին ընկերոջից։

— Բժիշկ,— գոչեց նա խեղդուկ ձայնով,— դու ավելի վատ ես եղել, քան թե կարծում էի ես։ Դու ոչ միայն խաբել ես մի անմեղ աղջկա, այլև աշխատում ես քո խաբեբայությունը արդարացնել բարոյական պատճառաբանությունով։ Ավելի, դու մինչև անգամ ձգտում ես քեզ վեհանձն ձևացնել։ Այժմ քեզ բոլորովին ճանաչեցի։ Ես չգիտեի, որ դու այդչափ ճարպիկ ես, օ՜օօ, չգիտեի…

— Դարձյալ գրգռվեցի՞ր, դարձյա՞լ,— ընդհատեց բժիշկը բարեսիրտ վարժապետի եղանակով,— նո՜ւ, Ռուբեն, ես քեզ բոլորը բացատրեցի, այժմ դու գիտես։