Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/169

Այս էջը հաստատված է

օր առաջ ես ատում էի նրան, ինչպես մի վատ թշնամուս: Իսկ այն անցքից հետո, արհամարհում եմ։ Նա քո ոտի գարշապարին անգամ չարժե։ Դու կթքեիր, եթե տեսնեիր, ինչպես նա սառնարյուն ընդունեց ինձանից այն վիրավորանքը։ Օ՜խ, զզվելի է նա, զզվելի։ Գիտե՜ս, ես այժմ մինչև անգամ ափսոսում եմ, որ այնպես վարվեցի նրա հետ, որ չկարողացա ինձ զսպել։ Իսկ դու դեռ չես մոռանում այդ մարդուն, դու դեռ չես հանգստանում։

— Ես բոլորովին հանգիստ եմ այժմ, ես նրան վաղուց եմ մոռացել։ Նա ինձ համար գոյություն չունի։

— Երանի այդպես լիներ։ Բայց դու ինձ խաբռւմ ես, դու ինձանից թաքցնում ես վիշտդ։ Դեռ մեկէլ օրը երազումդ նրա մասին էիր զառանցում, դեռ երեկ երեկոյան իմ սենյակից լսում էի քո արտասվելու ձայնը։ Այդպես չի կարելի շարունակել, Մարո։ Դու քեզ մաշեցիր։ Մտիկ արա հայելուն, թեզ ճանաչել չի լինում, այնքա՜ն փոխվել ես։

Եվ ամեն օր եղբայրը այսպես հորդորում էր քրոջը և ամեն օր քույրը հավատացնում էր եղբորը, թե մոռացել է այն, ինչ որ կոպիտ համառությամբ հալածում էր նրան գիշեր ու ցերեկ, ինչպես մի չար ոգի։

Այժմ նա ատում էր բժշկին, ատում էր յուր վիրավորված սրտի բոլոր թունալից ուժերով։ Սակայն հենց այդ ատելությունն էր, որ ստիպում էր նրան մի կետի վրա մտածել, թե ինքն անպատվված է, արհամարհված և հասարակության ծաղրի նշավակ դարձած։

Ամիս ու կես էր անցել այն երեկույթից, և նա դեռ յուր կրած վիրավորանքի թարմ տպավորության տակ էր։ Նրա ամփոփ և առողջ բնավորությունը, մի անգամ ենթարկվելով մի զորավոր զգացման, չէր կարող այն դյուրությամբ ազատվել ազդեցությունից, ինչպես գուցե ազատվեր մի ավելի թեթև բնավորություն։ Սիրելով մի անգամ, նա անձնատուր եղավ այդ սիրույն մոլեռանդաբար: Հանդիպելով յուր անհուն սիրո փոխարեն մի տմարդի դավաճանության, նրա զգայուն սիրտը խոցոտվեց մինչև յուր ամենախորին ծալքերը։

Գիտեր Ռուբենը, զգում էր, որ դժվար է մխիթարություն տալ քրոջ սրտին։ Դա էր, որ նրան հուսահատեցնում