էր, դա էր, որ ավելի ու ավելի գրգռում էր նրա ատելությունը դեպի յուր նախկին ընկերը, թեպետ հավատացնում էր Մարիամին, թե արհամարհում է բժշկին։
Եվ ինչ ջանք ասես գործ չէր դնում նա յուր քրոջ սիրտը ամոքելու համար։ Առաջին պայման նա աշխատեց, որ Մարիամը միայնակ չմնա։ Այս պատճառով, նա, երկար արարելուց հետո, գտավ քաղաքի կենտրոնից ավելի մոտիկ մի տան մեջ երկու սենյակ։ Այստեղ հարևանները այնպիսի մարդիկ էին, որոնց հետ Մարիամը կարող էր հարաբերություն ունենալ։ Այդ տանը, ի միջի այլոց, բնակվում էր և նրա գիմնազիական ընկերուհիներից մեկը,— մի ռուս օրիորդ, որի հետ ծանոթ էր Ռուբենը։ Առանց բուն պատճառը ասելու, երիտասարդը հայտնեց այդ օրիորդին յուր քրոջ հոգեկան դրությունը և խնդրեց միայնակ չթողնել նրան այն ժամերին, երբ ինքը տանը չէր լինում։ Իսկ պաշտոնից ազատ ժամանակ նա ինքը չէր հեռանում Մարիամից, ամեն որ գրեթե ուժով տանում էր նրան զբոսնելու։ Հաճախ նա յուր հետ բերում էր այս ու այն ընկերոջ կամ ծանոթին, և նկատում էր, որ Մարիամը ամենի հետ վարվում է շատ անտարբեր, շատ սառն և մինչև անգամ մի տեսակ կասկածանքով։
Մյուս կողմից Մարիամին աշխատում էր մխիթարել նրա կարուձևի վարժուհին — Սաթենիկը։
— Գիտես, սիրելիս,— ասում էր մի օր այդ օրիորդը, Մարիամի ինքնասիրությունը գրգռելու համար,— դու բոլորովին ծույլ ես, չես աշխատում։ Մոտ երկու ամիս է սովորեցնում եմ, մինչև այժմ մի օրինավոր բան ձևել չգիտես։ Ամոթ չէ՞:
— Ներիր, Սաթենիկ, ես անընդունակ եմ։
— Ոչ, դու անընդունակ չես, դու ծույլ ես։ Ասա, խնդրեմ, մինչև ե՞րբ պետք է նստես, հառաչես և հիմար բաների վրա մտածես։ Ամոթ է, Մարո, հավատացիր, ամոթ է։ Ասենք թե մենք կանայքս թուլասիրտ արարածներ ենք, թեև այդ սուտ է, բայց այդքա՞ն։ Ոչ, ես քեզ պետք է անպատճառ խելքի բերեմ։ Լսի՛ր ինչ եմ ասում։ Դու շաբաթական երեք անգամ գալիս ես ինձ մոտ, այժմ ես վճռել եմ, որ երկու անգամ