Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/18

Այս էջը հաստատված է

— Գիտեք, պարոններ,— դարձավ նա յուր սեղանակիցներին լուրջ եղանակով,— եթե մի օրինավոր մարդ լսի մեր խոսածը, կզզվի։

Սեղանակիցները զարմացած նայեցին միմյանց երեսին․ ի՞նչ էր նշանակում հանկարծակի փոփոխությունը մի մարդու, որ երբեք ընկերական կատակների նկատմամբ բծախնդիր չէր եղել։

— Ներողություն,— գոչեց իշխան Սահարունին,— ես չիմացա, որ նրանք ազգականներդ են։

— Ոչ ազգականներս են, ոչ էլ ծանոթ եմ այդ զույգի հետ,— պատասխանեց Հալաբյանը,— ես ուզում էի նկատել, որ առհասարակ մենք… Բայց թողնենք, պարոններ… Այս երեկո իմ տրամադրությունս լավ չէ։

— Ոչ, պետք է ասելիքդ վերջացնես,— համառեց իշխան Սահարունին,— ի՞նչ էիր ուզում ասել, որ մենք… ի՞նչ։

—Որ մենք մեր լեզուն մաքուր չենք պահում, որ մենք բամբասում ենք, որ մենք զրպարտում ենք ուրիշներին, որ վերջապես, մենք ոտից մինչև գլուխ փչացել ենք…

Այս ասելիս Հալաբյանը այնքան հուզվեց, որ պատառաքաղը խփեց ափսեին։

— Օ՜օ, անմեղ գառն, о՜о, սուրբ ճգնավոր,— գոչեց իշխան Սահարունին ծաղրաբար,— արի փեշերդ համբուրեմ, արի՛։ Այդ ո՞ր բաղնիսում ես այսօր լվացվել, ո՞ր վարդապե¬ տից ես այդ քարոզը սովորել… Հա՛, հա՛, հա՛, հա… Մի՞թե, ճշմարիտ, դու էլ հավատում ես, թե Սահարունին այնքան ծեր է, որ պիտի պառավի պաս պահի։ Օծվի՛ր, վարդապետ, իսկ ե՞ս… ես փող, գինի ու կին, մանավանդ կին, ահա իմ հավատամքը։ Ատա՜նդե, ատա՜նդե, դու ուզում ես, որ Սահարունին չզվարճանա ահա այդ տեսարանով։ Նայի՛ր, նայեցե՛ք պարոններ։

Նա ձեռքով համարձակ ցույց տվեց մի ծերունի, որ անցնում էր սեղանի մոտով։ Առողջակազմ երիտասարդ կնոջ մարդն էր դա, «նարդին» վերջացրել էր և ձեռները մետաքսյա «արխալուղի» գրպանը դրած, գնում էր ամուսնու մոտ, որ դեռ միևնույն տեղում նստած սիրալիր խոսում էր յուր երիտասարդ կավալերի հետ։