դարձյալ գիշեր ու ցերեկ նրա մասին էր մտածում և օրեցօր ավելի ու ավելի կապվում յուր ցնորքի հետ։
Այժմ նա անճանաչելի էր դարձել։ Չկար այլևս նրա ինքնավստահ քայլվածքը, չկար այն խրոխտ, ինքնագոհ հայացքը, որ աջ ու ձախ ձգում էր մարդկանց վրա։ Նա ավելի էր նիհարել, ավելի գունատվել, նրա բարձր ուսերը ցած էին թեքվել, նրա կուրծքը ներս էր ընկել, կարծես, մի ամսվա մեջ նա ապրել էր տասը տարի։
Եվ դեռ սպասում էր նա, դեռ հույս ուներ, որ արժանանալու է երազած երջանկությանը։ Բայց օրերն անցնում էին և ոչ մի դեպք, ոչ մի թույլ երևույթ չէր ցույց տալիս, թե նա կհասնի յուր նպատակին։ Վերջին ժամանակ նա փողոցում երբեմն պատահում էր Ռուբենին, և հանդիպում էր նույն սառնությանը, նույն անուշադրությանը։ Բայց նա դարձյալ չէր հուսահատվում։ Նա պատահեց մի քանի անգամ նույնպես և' Մարիամին, և ամեն անգամ Սաթենիկի հետ։ Մի օր օրիորդը վերջինի հետ ձիաքարշով անցնում էր։ Ամուրին, չնայելով անացնելի ցեխին և յուր պատկառելի տարիքին, վազեց, որ ձիաքարշ նստի, չհասավ, զրկվեց օրիորդին բարևելու հաճույքից և միայն աչքերով ուղեկցեց նրան։
Նրա ականջին ևս հասել էին Մելիք-Բարսեղյանի խորհրդավոր դարձվածի պես-պես մեկնությունները։ Բայց ոչ մի չար ենթադրություն, ոչ մի վիրավորական բամբասանք Մարիամի անարատության մասին հավատալի չէր թվում նրան, որ պաղեցներ նրա սիրտը, որ ստիպեր նրան սթափվել յուր դառն ցնորքից։ Նա համոզված էր, որ այդ բոլոր լուրերը չար մտքով են տարածված։ Նա կարծում էր, թե դա իշխան Սահարունիի գործն է, նա է հնարում այդ լուրերը։ Եվ Հալաբյանը վրդովված էր իշխանի դեմ։ Նրան տեսնելիս կամ երեսը հետ էր դարձնում, կամ փոխում էր ճանապարհը, որ չբարևի։ Նա դադարել էր և՛ Սադափյաններին այցելելուց, չէր էլ մտածում Նիկողայոսից ստանալիքի մասին։ Նա մոռացել էր և յուր մյուս գործնրը։ Նրան տիրել էր մի տեսակ թմրություն։ Ոչ մի բան նրան չէր հետաքրքրում, ոչ մի տխուր կամ ուրախալի երևույթ չէր շարժում նրա սիրտը։ Պատահում էր, մոսիո Վախվախյանը մտնում էր նրա մոտ հուզված,