բայց և այնպես պատճառում էին նրան մի ծանր վիշտ և ստիպում ավելի կատաղել այդ բոլորի սկզբնապատճառ — բժշկի դեմ։ Հարկավ, նա յուր լսածը չէր հաղորդում Մարիամին։ Բայց նրա դեմքից, նրա խոսակցության ձևից, քույրը կանացի բնազդմամբ մասամբ գուշակում էր նրա սրտի ճնշող գաղտնիքը։ Եվ նա յուր ցավի վրա ավելացնում էր յուր եղբոր ցավը։— Խղճի խայթոցի պես մի բան, թե ինչու յուր պատճառով պետք է բարոյապես տանջվի և՛ եղբայրը։ Դրդված դեպի Ռուբենը տածած փոխադարձ սիրուց, նա վերջին ժամանակ ամեն ջանք գործ էր դնում յուր վիշտը մոռանալ, կամ գոնե ուրախ լինել այն պահին, երբ Ռուբենը յուր մոտն էր։ Այս պատճառով նա խաբում էր եղբորը։ Նա՛, որ անտարբեր էր հոգով և սրտով դեպի բոլորը, մերթ գովում էր Ռուբենի մի ընկերոջը, մերթ մյուսին, ցույց տալու համար, թե դեռ կարող է սիրել մի ուրիշին։ Ազնիվ խաբեության միջոցը ճիշտ էր ընտրված, և Ռուբենը ուրախանում էր, որ Մարիամը դեռ գիտե հետաքրքրվել ուրիշ երիտասարդներով։
Մի օր, իրիկնադեմին, մասնավոր դասից տուն վերադառնալով, պատշգամբի վրա Ռուբենի ականջին յուր սենյակից հասավ մի ձայն, որ, կարծես, վաղուց, շատ վաղուց նա լսել էր։
Նա շտապեց ներս։
Մարիամի և Սաթենիկի հետ, նրա սեղանի մոտ, նստած էր մի անծանոթ մարդ, հասարակ սև հագուստով։ Դա բավական լայն թիկունքով, դեմքի խոշոր գծագրությամբ, թուխ աչքունքով և խիտ մորուքով մի երիտասարդ էր, որի երեսի կաշին կրում էր բաց օդի, արևի, քամու հետքը։
Տեսնելով Ռուբենին, անծանոթը ժպտալով, ծանրաբարո ոտքի կանգնեց, երևան հանելով յուր բարձր հասակը և ամուր կազմվածքը։ Մի քանի վայրկյան Ռուբենը զարմացած նայում էր նրա երեսին։ Հանկարծ նրա զարմանքը փոխվեց երկյուղի, և ակամա, մի քայլ հետ դնելով, բացականչեց.
— Բագրատյա՜ն...
— Նա ինքն է,— գոչեց անծանոթը և, յուր լայն թևերը բանալով, գրկեց Ռուբենին...