Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/190

Այս էջը հաստատված է

XV

Բագրատյանի երևալը Ռուբենին մի այնպիսի ցնցումն պատճառեց, որ երկար ժամանակ այլայլված նայում էր նորեկին ոտից մինչև գլուխ։

Նրա առաջ կանգնած էր յուր պատանեկան ընկերներից մեկը, որին մոտ ութ տարի չէր տեսել և որին երեք տարի մեռած, անհետացած էր համարում։

Երբ Ռուբենը գիմնազիստ էր, Բագրատյանը ուսանում էր ռեալական դպրոցում։ Մի օր նրանք ծանոթացան, և անմիջապես երկուսի մեջ հղացավ փոխադարձ համակրություն։

Բագրատյանը գյուղական հասարակ ընտանիքի զավակ էր, կրթություն էր ստանում մի բարեգործ ազգականի օժանդակությամբ։ Հասակով յուր հասակիցներից մեծ, ուսման մեջ շատերից հետ մնացած, այդ պատանին ուներ հատկություններ, որ առանձին դիրք էին տալիս նրան ընկերական շրջանում։ Մինչ դասակիցները զբաղված էին իրանց ուսումով, նրա ուղեղը ոգևորված էր այլ բաներով։ Տասնուչորս տարեկան հասակից սկսած նա պարապում էր մի շարք գրքերի ընթերցանությամբ, որ ոչինչ կապ չունեին դպրոցական ուսման հետ։ Եվ այդ գրքերի ազդեցության ներքո նրա մեջ պատրաստվում էին այն ձգտումները, որ ապագայում նրա բնորոշ հատկանիշներն էին կազմում։ Նկատելի էր, բնությունից առանց այն էլ սակավախոս պատանին օրեցօր ավելի լռիկ է դառնում, ավելի մտազբաղ և հետզհետե նրա պայծառ ճակատը սքողվում է մի մռայլ ստվերով։ Մի անգամ աշակերտներից մի քանիսը նրան տեսան ուսումնարանի հետևում մի պատի տակ նստած արտասվելիս։ Ոչ ոք չէր կարծում, թե նա այնքան փափկասիրտ է։ Հարցրին պատճառը։ Նա, հուզված, տվեց նրանց մի հայ լրագիր, ուր նկարագրված էր Տաճկական-Հայաստանում եղած հարստահարությունների մի դեպք։

Դեռ հինգերորդ դասատան աշակերտ էր, երբ մի օր հրավիրեց նա յուր աղքատիկ սենյակը ամենամոտիկ ընկերներին։ Այստեղ նա հաղորդեց նրանց այն, որ վաղուց նրա մտախոհության նյութն էր կազմում։ Հայտնվեց, որ մասամբ