անընդունակ, մասամբ ծույլ համարված աշակերտի պատանեկան ուղեղը յուրացրել է և սիրտը ջերմ կերպով ընդունել մի ծանր գաղափար, որով պետք է նոր-նոր տոգորվեր ժամանակակից թարմ սերունդը։ Նրա միտքը հասկացան միայն հինգ-վեց հոգի, որոնց թվում և՛ Ռուբենը։ Բնականաբար կազմվեց համամիտ և համագաղափար ընկերների մի սուղ շրջան։
Բագրատյանն էր այդ շրջանին ուղղություն տվողը, ոգի ներշնչողը, պարագլուխը։
Ապագայում Ռուբենը հաճախ հիշում էր այն բարձրահասակ, կայտառ, սևաթույր աչքերով գյուղացի պատանուն, որ յուր զորեղ կամքով, կորովի բնավորությամբ բոլոր ընկերակիցներին հարգանք էր ներշնչում։ Հիշում էր, այդ պատանին ուներ յուր մեջ ինչ-որ մի դյութական ուժ, որ կամա-ակամա բոլորին հպատակեցնում էր։
Ոչ ոք չուներ շրջանի մեջ այնքան կշիռ, որքան նա, ոչ ոքի կարծիքը այնքան հեղինակություն, որքան նրանը։
Եվ ինքը՝ Բագրատյանը, զգում էր այդ։ Գուցե հենց դա էր պատճառը, որ օրեցօր նրա մեջ զարգանում էր մի տեսակ բռնակալական ձգտումն, ձգտում, որ հարգանքի հետ թույլերին ներշնչում էր և՛ ատելություն, և՛ նախանձ, որոնք սակայն բնավ բացարձակ կերպով չէին արտահայտվում։
Ավարտելով միջնակարգը, Բագրատյանը դիմեց բարձրագույն կրթության Ռուբենից երկու տարի առաջ։
Այնուհետև նրանք այլևս չտեսան միմյանց: Թե ինչ պատահեց Բագրատյանին հետո — ճիշտ չգիտեր Ռուբենը, նույնպես և ոչ ոք։ Հայտնի էր միայն, որ նա տարի ու կես Պետերբուրգի տեխնոլոգիական ճեմարանում ուսում առավ, հետո արտաքսվեց։ Այնուհետև նրա մասին եղած տեղեկությունները հակասում էին միմյանց...
Մի օր հանկարծ լուր տարածվեց, թե նա մեռել է օտար երկրի մի հետ ընկած ավանում և թաղվել օտար քահանայի ձեռքով։ Բոլորը հավատացին այդ լուրին։ Բագրատյանը մոռացվեց։ Ոչ ոք չէր հիշում նրա անունը և եթե հիշում էր, շատ թույլ, սառնարյուն կերպով, իբրև վաղուց չքացած մի բան։