Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/206

Այս էջը հաստատված է

— Այո, Ռուբենը… բայց…— արտասանեց Հալաբյանր և, գլուխը երերելով, հեռացավ։

Անհասկանալի, նույնիսկ անբնական էր թվում Նիկողայոսին վեհանձնության մի այդպիսի օրինակ։ Ի՞նչպես, նա, որին զրկել է, որին յուր տնից համարյա թե արտաքսել է, հանկարծ մոռանում է ամեն ինչ և կողմնակի օգնո՞ւմ է յուր զրկողին, այն էլ գաղտնի՞ կերպով։ Ոչ, այդ անկարելի է, մեջտեղ մի բան կա։ Մարդ ասված արարածը երբեք չի կարող այդչափ վեհանձն լինել։

Նա պատմեց Հալաբյանից լսածը յուր ամուսնուն։ Տիկին Աոփիոն, լսելով Ռուբենի անունը, կատաղեց, փրփրեց։

— Այդ էր պակաս, համ ութ տարի մեր հացով ապրի, համ մեզ խայտառակ անի քաղաքում, համ էլ մեր բարերա՞րը լինի։ Չէ, Նիկո՛, մի' հավատալ, սուտ է, Ռուբենը այն պտուղը չէ…

Երբ նույն բանը լսեց յուր մորից Նատալիան, քահ-քահ ծիծաղելով ասաց.

— Եթե ուրիշին օգնել կարողանում է, ինչո՞ւ շվեյկա քրոջը չի օգնում։

Օրիորդ Նատալիան այժմ Մարիամի անունն անգամ լսել չէր ուզում, ուր մնաց նրա եղբոր բարեկամությունը ընդունել։ Այն երազը, որ նա հույս ուներ կատարված տեսնել, այն ճոխ ու փարթամ կյանքը, որ պետք է զարմացներ ամբողջ քաղաքին, մնաց երազ։ Նա թեև ձայնակցում էր մորը, երբ վերջինը անխնա պարսավում էր Հալաբյանին, բայց կորուստը զգալի էր և շատ զգալի։ Տարի ու կեսից ավելի էր, նա վճռել էր յուր կյանքը կապել Հալաբյանի կյանքի հետ, թեև մյուս կողմից նա պտրում էր ավելի արժանավորին։ Սակայն բոլոր յուր շրջապատողների մեջ չկար ավելի լավը և հույս էլ չուներ երբևէ գտնել մի այդպիսուն, ուստի Հալաբյանն էր մնում միայն։ Այժմ դուրս է գալիս մի ատելի աղջիկ և վերջնապես խորատակում է նրա հույսերը։

Ահա ինչու նա այնքան կատաղել էր, նրա խելքը կրքից այնքան խավարել էր, որ ոչ մի միջոց չէր խնայում Մարիամի պատիվը արատավորելու համար։ Ոչ ոք այնպես ջերմ չէր պաշտպանում բժիշկ Մելիք-Բարսեղյանին, որպես նա,