Արդարև, նա յուր մեջ զգում էր մի անասելի ուժ. թեթև զբոսանքը նրան մանկական խաղ էր թվում։
Զիջանելով Սաթենիկի խնդրին, խումբը հետ դարձավ նույն զառիվայրով։ Այս անգամ Բագրատյանը և Մարիամն էին առաջ գնում։ Նրանք լուռ էին։ Երբեմն զառիվայրի դժվար տեղերում Բագրատյանը կամ առաջարկում էր Մարիամին յուր թևը, կամ խնդրում էր զգույշ ցած իջնել։ Օրիորդը ուշադրություն չէր դարձնում, անվախ գնում էր առաջ, մերթ ուղիով, մերթ շեղվելով մի կողմ՝ ճանապարհը կարճելու համար։ Մի տեղ նա քիչ էր մնում ընկնի, բայց կարողացավ կանգ առնել։ Միայն մի անգամ ժայռի բնական սանդուղքով իջնելիս, նա թույլ տվեց Բագրատյանին, բռնել յուր ձեռը։
— Շնորհակալ եմ,— ասաց նա, ժպտալով։
Նրանք կանգ առան, սպասեցին ընկերներին։
— Ի՞նչ է պատահել քեզ, որ այդքան եռանդ ես ստացել,— ասաց Ռուբենը մոտենալով,— ես երբեք քեզ այդպես չեմ տեսել։
Մարիամը, կարծես, շփոթվեց։ Նա դարձյալ առաջ ընկավ։
— Ես չէի կարծում, որ օրիորդը այդքան աշխույժ է,— դարձավ Բագրատյանը Ռուբենին։
— Մանավանդ, որ վերջին ժամանակ նա հիվանդ է եղել։
Խումբը հասավ քաղաք, մտավ նեղ փողոցները։ Արդեն կեսօր էր. Մարիամը մտաբերեց, թե ճաշ պիտի պատրաստի։ Նա շտապեց տուն։ Բագրատյանը և Սաթենիկը հրաժեշտ տվեցին։
Առաջին անգամ այդ օրը Մարիամը զգաց մի տեսակ ատելություն դեպի տնային տնտեսությունը։ Մտնել խոհանոց, զբաղվել մանր-մունր խոհարարական գործերով — նրան վիրավորական թվաց։ Նա ամբողջ օրը աշխատում էր ակամա, մերթ ընդ մերթ ինքն իրան տրտնջալով։
Իրիկնադեմին նա ավելի հանգիստ էր։ Ստեպ-ստեպ մոտենում էր և նստում եղբոր մոտ։ Նկատելի էր, որ նա կամենում էր մի բանի մասին խոսել և… չէր վստահանում։