Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/215

Այս էջը հաստատված է

Հետևյալ օրը նա գնաց Սաթենիկի մոտ։

Այստեղ վիճակված էր նրան մի ուրիշ, ոչ պակաս կարևոր, նորություն ևս իմանալ։

Վարժուհին միայնակ նստած էր յուր սենյակում անգործ: Տեսնելով ընկերուհուն, նա արագությամբ ոտքի կանգնեց և, առաջ վազելով, մի անսովոր աշխույժով գրկեց նրան։ Նա հուզված էր։ Աչքերը ժպտում էին ուրախ-ուրախ, կուրծքը բաբախում էր։ Պարզ էր, որ մի արտաքո կարգի բան է պատահել նրան։

— Գիտե՞ս, — գոչեց նա, ազատելով ընկերուհուն յուր գրկից, — ես այսօր տրամադրված չեմ գործելու։ Նստիր, նստի՛ր, շատ ուրախ եմ, որ եկար։

Մարիամը զարմացած նայում էր յուր այլափոխված ընկերուհու վրա, չկարողանալով տակավին հասկանալ նրա հուզման պատճառը։

— Դու հանդիպեցի՞ր Ռուբենին, — հարցրեց Սաթենիկը, ուժով նստեցնելով Մարիամին յուր քով։

— Ոչ:

— Հենց նոր դուրս եկավ այստեղից։ Դու զարմանո՞ւմ ես, որ նա ինձ մոտ էր... իրավունք ունես... Մարիամ, հոգիս ես քեզանից ոչինչ, ոչինչ չեմ ուզում թաքցնել այսուհետև։ Ասա՛, չե՞ս բարկանալ, չե՞ս ծաղրիլ, եթե պատմեմ, ամեն ինչ...

Եվ նա հափշտակված փաթաթվեց յուր ընկերուհու պարանոցին, գլուխը դրեց նրա ուսի վրա։ Մարիամը զգում էր նրա կրծքի ուժգին բաբախումը։ Նա ապշած էր, նա դեռ ոչինչ չգիտեր։ Գուշակում էր միայն, թե դեպքը, անշուշտ, շատ նշանավոր է, որ այնքան այլափոխել է այդ մշտական հանգիստ, մշտական անվրդով աղջկան։

Անցավ քառորդ ժամի չափ, մինչև Սաթենիկը փոքր-ինչ հանդարտվեց։ Այն ժամանակ պարզվեց բանի էությունը։ Պարզվեց այն, ինչ որ վերջին ժամանակ մասամբ զգում էր Մարիամը և ինչ որ նույն րոպեին նա միանգամայն մոռացել էր: Արդեն նա նկատել էր, որ Ռուբենի և Սաթենիկի հարաբերությունները այլ կերպարանք են ստանում, որ քանի