Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/223

Այս էջը հաստատված է

Նա հասավ կայարան։ Մոսիո Վախվախյանը, նրա պատվերով, վարձեց առաջին կարգի կուպեներից մեկը։

Ամուրին ճանապարհին ևս ուզում էր մենակ լինել:

Հասավ բաժանման րոպեն։ Ախշարումյանը համբուրվեց։ Մոսիո Վախվախյանը վստահացավ նույնն անել, ավելի ամուր հպելով յուր շրթունքները Հալաբյանի բերնին։

Արդեն երկրորդ զանգը տվել էին։ Ուղևորը, կուպեի փոքրիկ պատուհանի վրա արմունկները հենած, խոսում էր յուր վաղեմի ընկերակիցների հետ, որ կանգնած էին պլատֆորմի վրա։ Զանգակը երրորդ անգամ հնչեց, լսվեց շոգենավի սուր ձայնը, գնացքը շարժվեց։ Նույն վայրկյանին, երբ Ախշարումյանը և մոսիո Վախվախյանը գդակները բարձրացրին իրանց վերջին բարևները տալու, նույն վայրկյանին նրանք Հալաբյանի աչքերի մեջ նկատեցին արտասուքի նշույլներ։ Այո, թշվառ ամուրին լալիս էր, ինչպես մի թույլ արարած։

Ախշարումյանը և մոսիո Վախվախյանը հետ դարձրին իրանց երեսները և տեսան կայարանի պատի տակ կանգնած, երեխայի պես հեկեկում էր հավատարիմ Թաթոսը։ Գուցե դա միակ մարդն էր ամբողջ աշխարհի երեսին, որ անկեղծ ցավում էր Հալաբյանի համար։

— Իսկ ես հույս ունեի, — դարձավ մոսիո Վախվախյանր Ախշարումյանին, կրծքի խորքից մի ծանր հոգոց արձակելով, — որ Հալաբյանը ինձ վերջը մի մարդ կշինի... մնացի էլի առաջվա քաղցած, անփող, անտուն ու անտեր Վախվախյանը։

— Այսօր եկ ինձ մոտ ճաշելու։

Մոսիո Վախվախյանը գլուխը թախծորեն շարժեց, Ախշարումյանի հրավերը ընդունեց։


Ռուբենը նույն պահին գնում էր ուսումնարան, երբ Հալաբյանին հանդիպեց։ Տուն վերադառնալով, նա հայտնեց Մարիամին ամուրիի գնալը։ Ինչպես Հալաբյանի առաջարկության լուրն էր Ռուբենից ընդունել սառն և անտարբեր, նույնպես և ավելի անխռով ընդունեց նրա ուղևորության լուրը։ Միայն նա նկատեց.