Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/225

Այս էջը հաստատված է

որ նրա խույս տալը արհամարհանքի արգասիք չէ, այլ ընդհակառակը...

Ռուբենը ասել էր նրան, որ արդեն Բագրատյանին հայտնի է բժիշկ Մելիք-Բարսեղյանի վարմունքը։ Ինքը Ռուբենն էր պատմել նրան տխուր եղելությունը։ Եվ Բագրատյանի վրա խորին տպավորություն էր գործել այն մարդու տմարդի արարքը, որի մասին նա երբեք լավ կարծիք չէր ունեցել։ Նա գրգռված էր բժշկի դեմ և հաճախ Ռուբենին ասում էր, թե պատահած ժամանակ պատրաստ է ուղղակի թքել նրա երեսին։

— Այդպիսիներին երբեք չպիտի խնայել, պետք է պատմել ամեն քայլում... Ում մեջ մեռած չէ ազնվության զգացմունքը, նա պետք է Կայենի կնիքը դրոշմի այդ մարդկանց անամոթ ճակատին։

Եվ այդ ասում էր նա, ատամները կատաղաբար կրճտելով և բռունցքը ամուր սեղմելով։ Զգում էր Ռուբենը, որ, արդարև, եթե պատահի բժիշկ Մելիք֊Բարսեղյանին, առանց երկար մտածելու յուր սպառնալիքը կգործադրե։

Մի անգամ Բագրատյանը եկավ սովորականից վաղ։ Ռուբենը դեռ չէր վերադարձել ուսումնարանից։ Մարիամը միայնակ զբաղված էր խոհանոցում։ Նա անմիջապես լվացվեց շտապեց յուր սենյակը, փոխեց վերնազգեստը և դուրս եկավ նրան դիմավորելու։

— Ներեցեք, ես կարծում էի Ռուբենը տանն է, — ասաց Բագրատյանը, գլուխ տալով։

— Կես ժամից հետո կվերադառնա։

Նրանք նստեցին՝ Բագրատյանը Ռուբենի սեղանի մոտ, Մարիամը փոքրիկ թախտի վրա։ Բավական ժամանակ նրանք լուռ էին։ Մարիամը չէր վստահում առաջինը ընդհատել լռությունը, կաշկանդված մի ինչ-որ անհաղթելի զորությունից։ Նա չէր համարձակփում անգամ նայել նրա կողմ։

Դա երրորդ անգամն էր, որ նրանք դեմառդեմ գտնվում էին առանձին։

Բագրատյանը մատիտը վերցրեց և սկսեց խազխզել սեղանի վրա դրած մի կտոր թուղթ։ Նրա ձեռները նշմարելի