լայնեզր գլխարկը մի ձեռին բռնած, մյուս ձեռը հենած սեղանի ծայրին, նայում էր մռայլ հայացքով դեպի դուրս... հեռու ու հեռու։ Ռուբենը մտիկ էր անում նրա երեսին, նույնչափ զարմացած, որչափ և Մարիամը։
Հանկարծ Բագրատյանը ձեռքով ինչ-որ վճռական շարժումն գործեց, սեղմեց Ռուբենի ձեռը, խոնարհ գլուխ տվեց Մարիամին, առանց նրա երեսին նայելու, և արագ քայլերով դուրս գնաց։
— Ինչո՞ւ չհրավիրեցիր ճաշի, — հարցրեց Մարիամը եղբորից։
— Չնկատեցի՞ր միթե, — պատասխանեց Ռուբենը, սթափվելով, — այն դրության մեջ էր, որ մոռացա էլ հրավիրելու։ Ես երբեք նրան այդպես չեմ տեսել... Քեզ արդեն հայտնի է, թե նա որտեղ է գնում։ Մինչև այսօր նրա ամեն մի քայլը վճռական էր, իսկ այժմ, երբ պետք է ուղևորվի, սկսել է տատանվել։ Մահվան մասին խոսում էր սառն, անվրդով, այժմ, կարծես, վախենում է մահից... և ի՞նչ ծայրահեղ մտատանջության մեջ է։ Ի՞նչ է պատահել այդ մարդուն, տեր աստված, — ավելացրեց նա յուրովի և սկսեց անցուդարձ անել սենյակում:
— Ե՞րբ է գնում, — հարցրեց Մարիամը։
— Բոլոր ընկերները վճռել են վաղը ուղևորվել, նրան են սպասում, իսկ նա...
— Վա՞ղը, — ընդհատեց Մարիամը, հազիվ կարողանալով յուր շփոթությունը քողարկել։
Նույն օրը երեկոյան Ռուբենը գնաց Բագրատյանի մոտ և տուն եկավ բավական ուշ։ Մարիամը անհամբեր սպասում էր նրա վերադարձին։
— Այժմ դարձյալ փոխվել է, վաղը անպատճառ գնում է, — պատասխանեց Ռուբենը նրա շտապ հարցին։
— Անպատճա՞ռ։
— Անպատճառ:
Մարիամը գունաթափվեց։
— Մարո, ի՞նչ պատահեց, ինչո՞ւ այդպես փոխվեցիր:
— Վաղը նա կգա՞ այստեղ, — հարցրեց Մարիամը դողդոջուն ձայնով։