Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/229

Այս էջը հաստատված է

էր կապկպում։ Սրան օգնում էին երկու երիտասարդներ։ Նա այնքան զբաղված էր գործով, որ մի քանի վայրկյան չնկատեց Մարիամին, որ մի անկյունում կանգնած լուռ և հոգեզմայլված դիտում էր... երիտասարդներին։ Հանկարծ նա նկատեց օրիորդին, և նույն վայրկյանին նրա ձեռները թուլացան։ Բաց թողնելով ճանապարհային «խուրջինի» թոկերը նա հանդիմանաբար նայեց Ռուբենի երեսին:

— Հավատացիր, որ ես շատ ընդդիմացա, բայց ի՞նչ անեմ, համառեց, — ասաց Ռուբենը։

Մարիամը շփոթված և լուռ կանգնած էր։ Նա ժպտաց, առաջ դիմեց և, ձեռը մեկնելով Բագրատյանին, արտասանեց.

— Կամեցա վերջին անգամ սեղմել այն ձեռքը, որ պետք է գործե...

Նա չավարտեց յուր ասելիքը։ Նա անչափ զգացված էր, ձայնը դավաճանեց նրան։ Նա նայեց ուղիղ Բագրատյանի աչքերին։ Րոպեաբար հաղթվելով այդ քնքուշ, սիրալիր և զգացմունքով լի հայացքից, երիտասարդը կրկին ճիգն արավ իրան զսպելու և, արտասանելով «շնորհակալ եմ», վճռական շարժվածքով շարունակեց յուր գործը։ Նա սեղանի վրա դրած սուրը տվեց ընկերներից մեկին, ատրճանակը դրեց յուր գրպանը։ Մյուս երիտասարդները զարմացած նայում էին Մարիամին։ Բարեկազմ, գեղեցկադեմ, գունատ, խոշոր և խելացի աչքերով օրիորդի երևույթը այդ ուշ երեկոյին, այդ կիսախավար անշուք պատերի մեջ, կարծես, նրանց թվում էր մի երկնային խրախուսանք... Նրանց դեմքերը ժպտացին, նրանց աչքերի մեջ փայլեց մռայլ ուրախության նշույլը։

— Պարոններ, — դարձավ Մարիամը նրանց, — թույլ տվեք ձեր գաղափարը պաշտող մի հայ օրիորդի սեղմել ձեր ազնիվ ձեռքը... Ես ինձ բախտավոր եմ համարում, գոնե մի քանի րոպե ձեր շրջանումն եմ...

— Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, — արտասանեցին գրեթե բոլորը միաբերան։

Եվ Մարիամը սեղմեց յոթ երիտասարդական առողջ և կոշտ ձեռներ։