քանակությամբ գերազանցում էին բոլոր մյուսներից։ Եվ բժիշկը տատանվում էր, չգիտեր որին ընտրել և որից հրաժարվել: Սակայն, երբ ձեռք բերեց ծանոթների մեծ շրջան, հետզհետե սկսեց թեքվել վաճառականի աղջկա կողմը։ Նա վճռեց, վերջապես, լուրջ կերպով հետամուտ լինել վերջինին։ Փոքր առ փոքր գրավեց նրա ծնողների սիրտը, բարեկամացավ, և ստեպ-ստեպ այցելում էր նրանց։ Սկզբում, նա օրիորդի կողմից հանդիպեց սառնության, ապա նկատեց, որ այդ սառնությունը արվեստական է և օրիորդը սրտում իսկապես համակրում է։
Ավելի ի՞նչ էր մնում անելու, եթե ոչ ուղղակի առաջարկություն։ Բայց տակավին նա զգույշ էր վարվում, չէր շտապում։ Նա տեղեկացել էր, որ օրիորդի հայրը ահագին կարողություն ունե և աղջկա համար նշանակած օժիտը այդ կարողության համեմատ շատ չնչին է։
Քաղաքում սկսվեց հռչակվել այժմ, որ դոկտոր Մելիք-Բարսեղյանը ամուսնանում է վաճառական Մեհրաբովի աղջկա հետ։ Լուրը հասավ և՛ Ագամովներին։ Տիկին Ագամովան զայրացավ, օրիորդ Վարինկան վիրավորվեց, տխրեց։
Դարձյալ Մելիք-Բարսեղյանի անունը ընկավ հասարակության բերանը, դարձյալ սկսվեցին թեր ու դեմ խոսակցությունները։ Ոմանք պնդում էին, թե հարցը դեռ վճռված չէ, բժիշկը դեռ չի կապել յուր պայմանագրությունը օրիորդի ծնողների հետ։ Ասում էին, թե նա Մեհրաբովից պահանջում է, որ տասնուհինգ հազար ռուբլի էլ ավելացնի յուր աղջկա օժիտի վրա և, բացի դրանից, պարտավորվի մի քանի հազար էլ տալ՝ պսակվելուց հետո արտասահմանում ճանապարհորդելու։
Այդ լուրերը, հարկավ, զբաղեցնում էին և տիկին ու օրիորդ Սադափյաններին։ Վերջին ժամանակ, երր տիկին Սոփիոյի հույսերը Հալաբյանի վերաբերմամբ խորտակվեցին, նա սկսել էր ուշադրություն դարձնել բժիշկ Մելիք-Բարսեղյանի վրա, որ երբեմն այցելում էր նրանց։ Սկզբում երիտասարդ բժիշկը բոլորովին մի արժանավոր փեսացու չէր թվում նրան, ո՛չ դիրք ուներ, ո՛չ փող, ո՛չ անուն։ Բայց երբ հասարակության մեջ նա հարգանք ձեռք բերեց, երբ մայրերը