Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/24

Այս էջը հաստատված է

մի վայրկյան փայլեց։ Նա վերցրեց ննջարանի փոքրիկ ղամբարը, անցավ կես-ասիական և կես-եվրոպական ճաշակով կահավորված սենյակը, հանեց գրպանից բանալիների կապոցը և բացավ յուր գրասեղանի արկղիկը։ Այնտեղ մի թղթի մեջ փաթաթված էին մի խումբ լուսանկարներ։ Նա կանթեղը դրեց սեղանի վրա, բաց արավ փաթեթը, նայեց մեկին, մյուսին: Միմյանց հետևից զանազան անձանց պատկերները ընկնում էին նրա ձեռքից սեղանի վրա։ Վերջապես մեկը մնաց նրա մատների արանքում։ Նա սկսեց նայել, նայել երկար ժամանակ, խորասուզված դեմքով այդ փոքրիկ լուսանկարին։ Կարծես, այնտեղ նա ձգտում էր կարդալ յուր ապագան, յուր բախտը, վերջապես յուր ամբողջ ճակատագիրը։ Ի՞նչ էր այդ… Մի օրիորդ, որի հետ նա վաղուց ծանոթ էր, որին նա հավանում էր և բոլոր յուր ծանոթ օրիորդներից վեր էր դասում։ Նա լուսանկարը շուռ տվեց այս կողմ, այն կողմ, մոտեցրեց ղամբարի լույսին, և նրա շրթունքը երկու անգամ հազիվ լսելի շշուկով արտասանեցին.

«Մարիամ»:

Հետո նա լուսանկարը դրեց մի առանձին թղթի մեջ. սեղանի մի այլ արկղիկում թաքցրեց, հեռու մյուսներից։

Երբ նա անցավ ննջարան և պառկեց անկողին, արդեն լույսը սկսել էր բացվել։ Նա քնեց երկու ժամ միայն և զարթնեց յուր սովորական ժամին։ Այլևս նա չկարողացավ շարունակել քունը։ Նա զզվանքով հիշեց յուր առավոտյան մանր¬մունր սովորությունները, ծանր ու հանդարտ լվացվելը, հագնվելը, հայելու առաջ խնամքով սանրվելը, և նրա մարմնին տիրեց մի ծուլություն։ Նա կկամենար ամբողջ օրը անկողնից չվերկենալ։ Եվ հենց այդ ժամանակ ներս է մտնում անմիտ ծառան և հիշեցնում նրա ամուրի, միայնակ, աննպատակ կյանքը։

Դռների ձայնը ընդհատեց նրա մտքերը։ Նա հետ նայեց, և կրկին տեսավ ծառային զգաստորեն և երկյուղով ներս մտնելիս։

— Ի՞նչ ես ուզում,— կոշտ ձայնով հարցրեց նա, ժիլետի կոճակները կապելով։

Թաթոսը լուռ մոտեցավ և տվեց նրան մի այցետոմս։