Վերջապես նրա թախանձանքով ամուսնության օրը որոշվեց։ Երկար հետաձգելու կարիք չկար — մի ձեռք պսակադրության զգեստ Սաթենիկի համար և մի նոր հագուստ Ռուբենի համար — ահա ինչ էր մնում անելու։ Սաթենիկն ինքը ձևեց և կարեց իր զգեստը Մարիամի օգնությամբ։
Հասավ որոշված օրը։
Ռուբենը հրավիրեց յուր նախկին ու նոր ընկերներից ոմանց և մի քանիսին իր պաշտոնակիցներից։ Սաթենիկը հրավիրեց յուր ընկերուհիներին և մի քանի ազգականներ։
Երիտասարդ հանդիսականների ընկերության զվարթ շրջանում համեստ հարսանիքն անցավ շատ ուրախ։ Ուրախ ու զվարթ էր այդ երեկո և Մարիամը։
Դեկտեմբերի վերջն էր։ Մի սառը և քամի օր։ Հարսանիքից անցել էր ամիս ու կես։ Այն սենյակում, ուր երկու ամիս առաջ Մարիամը կարդացել էր Բագրատյանի մռայլ նամակը, նստած էր Սաթենիկը և անհամբերությամբ նայում էր դեպի դուրս։ Կեսօրից հետո էր. արդեն երկու ժամ էր, որ նա սպասում էր Ռուբենին, և վերջինը չէր երևում։
Ներս մտավ տասը տարեկան մի գեղեցկադեմ աղջիկ սևահեր և սևաչյա։
— Ի՞նչ ես ուզում, Անահիտ,— հարցրեց Սաթենիկը բարկացոտ ձայնով։
— Գրքերս բերե՞մ։
— Ոչ, այսօր չեմ կարող քեզ հետ պարապել։
Աղջիկն ուրախացավ։
— Մարիամն էլ չի ուզում պարապել Վարդուհու հետ, այսօր մեզ համար տոն է,— գոչեց փոքրիկը և թռչկոտելով դուրս վազեց։
Անահիտն ու Վարդուհին Սաթենիկի փոքրիկ քույրերն էին, որ այժմ ապրում էին իրանց ավագ քրոջ հետ և նրա հովանավորության տակ։
Սաթենիկը դարձյալ մենակ էր և դարձյալ անհամբեր նայում էր պատուհանով դեպի փողոց։