Նա բաց դռներով ներս մտավ։ Մի նեղ, կամրագույն փայտյա սանդուղք տանում էր դեպի տան վերին հարկը։ Արագ քայլերով նա բարձրացավ վերև և հանդիպեց մի շիկահեր, պառավ կնոջ։
— Ի՞նչ եք կամենում. — հարցրեց կինը։
— Ցույց տվեք սենյակը։
Կինը երիտասարդին առաջնորդեց երկայն և աղեղնաձև պատշգամբի ծայրը։ Սենյակը, արդարև, մեծ էր, լուսավոր, բայց ոչ մաքուր և ոչ էլ կահավորված։ Տանտիրուհին շտապեց հայտնել, թե այն իսկույն կմաքրվի, կկահավորվի և արժանավայել տեսք կստանա, եթե վարձվի։
— Իհարկե, եթե ոչ, ո՞վ կապրի այս տեսակ խոզաբնում։
Երիտասարդի ձայնն ամուր էր, խրոխտ և թանձրահնչուն։— Մի բան, որ կատարելապես հակասում էր նրա փոքրիկ հասակին և լիովին համապատասխանում նրա տգեղ և տպավորիչ դեմքին։ Այդ ձայնը, այդ խոշոր գլուխը, այդ խելացի աչքերի սուր արտահայտությունն ազդեցին տանտիրուհու վրա։
— Դուք կովկասցի՞ եք, — հարցրեց կինը։
— Այո։
— Ի՞նչ ազգի եք պատկանում։
— Հայ եմ։
— Ի՞նչ գործի եք։
— Առայժմ ոչինչ։
— Ոչի՞նչ։
— Այո՛։
— Այդ ի՞նչպես կլինի։
— Պատահում է։
— Իսկ սենյակի վարձը՞։
Երիտասարդին բարկացրին այդ հարցերը։ Նա խնդրեց տանտիրուհուն յուր պայմաններն ասել և առանց սակարկության վարձեց սենյակը, մի ամսվա վարձն անմիջապես տալով։
— Ամուրի՞ եք, — հարցրեց պառավը մեղմացած։
— Ամուրի եմ։