Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/250

Այս էջը հաստատված է

ձեր օգնությանը, որից ինձ չեք ուզում առայժմ զրկել, ես կընդունեմ նրան մինչև ուսմանս վերջը, ինչպես պարտք։ Դուք կարող եք զրկել ինձ օժանդակությունից, իսկ ազատ կամքից — երբե՛ք»։

Այս վճռական պատասխանը կատաղեցրել էր հորը։ Հաշտությունը նրանց մեջ դարձել էր անկարելի։

Շատ հոգսերի շարքում Արսենն ուներ և՛ հոր պարտքը հատուցանելու հոգսը։ Թվում էր նրան, որ եթե յուր ասածը չկարողանա կատարել — թույլ, ստախոս և, որ գլխավորն էր նրա համար, ինքն իրան հակասող մարդ կլինի։ Ընկերները հանդիմանում էին նրան այդ մասին, համարելով նրա վարմունքը անտակտ, անհաշիվ։ Բայց նա ամենքին տալիս էր միևնույն դրական պատասխանը։

— Եթե մենք ուզում ենք անկախ լինել, առաջին պատերազմը մեր ծնողների դեմ պետք է սկսենք։

Ահա ինչու նա ավելի լավ էր համարում հասարակ ուսուցչի պաշտոն ընդունել, քան հպատակվել հոր կամայականությանը։ Այժմ ակամա զգում էր անհանգստություն. ի՞նչ կլինի, եթե իսկույն պաշտոն չստանա։ Նրան վախեցնում էր ոչ թե նյութական պակասությունը, ոչ թե այն, որ կարող էր մի օր անոթի մնալ, այլ այն, որ մի գուցե ստիպվեր մեկից պարտք վերցնել, թեկուզ այդ մեկը լիներ նրա մտերիմ ընկերը։

Ներս մտավ տանտիրուհու ծառան և ընդհատեց նրա մտորումները։ Տարօրինակ էր այդ ծառայի կերպարանքը։ Անորոշ տարիքի մի մարդ էր, անկանոն կազմվածքով։ Նրա կուչկուչված հոնքների տակ բույն դրած աչքերից մեկը կլորիկ էր, մյուսը նշաձև։ Երես ասած բանը նա գրեթե չուներ։ Շեկ մորուքը սկսվում էր ուղիղ աչքերի տակից և, համրելով ծնոտի ծայրը, այստեղ կազմում էր գզգզված բրդի կտորի պես մի բան։ Դիտողը կնկատեր, որ նրա բերանի մի անկյունը մյուսից բարձր է։

— Այ տղա, դու ի՞նչ ազգից ես։

— Հայ եմ, — պատասխանեց մի բարակ, համարյա կանացի ձայն։

— Ո՞րտեղացի ես։