— Քյավառցի։
— Քյավառը որտե՞ղ է։
— Նոր-Բայազետում։
— Անո՞ւնդ։
— Սիրական։
Եթե երբևէ Դիմաքսյանը տեսել էր մի սարսափելի կոնտրաստ, այդ կարող էր լինել ծառայի կերպարանքը նրա անվան հետ։
Հաջորդ հարցերը պարզեցին, որ Սիրականն «անտուն, անտեր, մի խեղճ մարդ է», ո՛չ ծնողներ ունե, ո՛չ քույր, ո՛չ ազգական։
— Լսի'ր,— ընդհատեց նրա խոսքը Դիմաքսյանը,— դու ինձ հավատարիմ ծառայիր, ես քեզ կվարձատրեմ։ Գիտե՞ս, դու ինձ դուր ես գալիս. կարդալ գիտե՞ս։
— Մի քիչ։
— Ես քեզ էլի կսովորեցնեմ։ Եթե կամենաս, ռուսերեն էլ դաս կտամ։
Ուրախությունից Սիրականի շիլ աչքը փայլեց։ Նա մեջքից խոնարհ թեքվեց և գլուխ տվեց։
Թեյ խմելուց հետո, Դիմաքսյանը նստեց պարապելու։ Դեռ գիմնազիոնի նստարանից նա աշխատակցում էր մի լրագրի։ Ընկերներից շատերը գուշակում էին, թե ժամանակով լավ քննադատ կամ քարոզիչ կարող է լինել։ Գնալով արտասահման շարունակեց աշխատել նույն լրագրում, հետզհետե ընդարձակելով դրության շրջանը և գաղափարները։ Վերջին ժամանակ քաղաքական հոդվածներ էր գրում — առաջ Լայպցիգից, հետո Ցյուրիխից։
Հետևյալ օրը նրա մոտ եկավ բժիշկ Սալամբեկյանը, որի հետ նա ավարտել էր գիմնազիոնի դասընթացքը։ Դա սև մորուքով, նիհար դեմքով, տկար մարմնով մի երիտասարդ էր։ Դեմքի վրա դրոշմված էր մի հոգեկան անբացատրելի դժգոհություն։ Դիմաքսյանի հետ մոտիկ ընկեր էր, միմյանց համակրում էին։ Վեց և կես տարի իրարուց հեռու ապրելով, նրանք անընդհատ թղթակցել էին միմյանց, ուստի հեռավորությունը չէր թուլացրել նրանց ընկերական կապը։