Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/259

Այս էջը հաստատված է

— Այս դպրոցում տիրում է հին հոգի, պետք է ամեն ինչ փոխել, վերանորոգել. պետք է այստեղի օդը մաքրել։

— Արդյոք, ինչպե՞ս, — հարցրեց տեսուչը նուրբ հեգնական եղանակով:

— Այնպես, ինչպես անում են լուսավորված երկրներում քանդելով հինը, շինելով նորը, դուրս վանելով նեխվածը, ընդունելով թարմը և կենդանին։

Մի քանի հակառակորդներ գլուխները կես-ծաղրով և կես-ատելությամբ շարժեցին։ Տեսուչը պատասխանեց.

— Սիրում եմ ձեր ֆրազները։

— Ես պնդում եմ ընտրել մի հանձնաժողով։

Հետևյալ օրը, երրորդ օրը, մի ամբողջ շաբաթ նա նույնը կրկնեց։ Վերջապես, մեծամասնությունը համաձայնվեց։ Ընտրվեց հինգ հոգուց բաղկացած մի խումբ, որոնց թվում, հարկավ, և՛ Դիմաքսյանը։ Նրան հանձնեցին կազմել մի ծրագիր և ներկայացնել։ Այս առաջարկությունն եղավ Գերմանիայում նոր ավարտած մի մանկավարժի կողմից։ Սա մտքում ծաղրում էր Դիմաքսյանին և ուզում էր «տեսնել, թե ինչ ծրագիր կարող է կազմել մի մարդ, որ ինքը մանկավարժ չէ»:


III

Երկու շաբաթ պարապելուց հետո Դիմաքսյանը ծրագիրը պատրաստեց և մի երեկո կարդաց բոլոր ուսուցիչների ու վերակացուների ժողովում։

Նա հիմնիվեր պախարակում էր դասատվության եղանակը, ուսուցիչների հարաբերոթյան ձևը աշակերտներh հետ։ Նա ավելորդ էր համարում շատ ավանդվող առարկաներ և փոխարենը առաջարկում էր նորերը։ Գլխավոր կետը աշակերտների բարոյական սնունդն էր։ Այս մասին նա խոսում էր ոգևորված, ոչ իբրև ծրագիր կազմող, այլ ինչպես անմեղների մի տաղանդավոր պաշտպան։

Ոչ ոք նկատողություն չարեց նրան կարդալու միջոցին։ Մի քանիսը միայն երկդիմի հայացքներ ձգեցին միմյանց էրեսին։ Նա վերջացրեց, թաշկինակով սրբեց ճակատը և, փոքրիկ ոսկրոտ ձեռները գնելով ձեռագրի վրա, նայեց աջ