Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/266

Այս էջը հաստատված է

յուր ստվերին, և նա կանգ առավ ու նայեց։ Նա զգաց մի ցնցում և ոտքը ամուր խփեց հատակին: Նա ինքն իրան թվաց այնքան փոքր, այնքան աննշան, այնքան ողորմելի, որ վրդովվեց։ Առաջին անգամը չէր, որ այդ միտքը գրգռում էր նրան գիշերային լռիկ մենության մեջ:

— Մի՞թե, միթե այս փոքրիկ մարմնի մեջ այնքան զորեղ հոգի կա, որ մի ամբողջ ժողովրդի գլուխ լինի, — գոչեց նա լսելի ձայնով։

Սակայն նույն վայրկյանին նա շփեց ճակատը, հեռացրեց իրանից հանկարծակի պաշարած կասկածը և նորից անձնատուր եղավ յուր երևակայություններին։


IV


Դիմաքսյանի ընկերներից Բարաթյանը և Վեքիլյանը բուն թիֆլիսեցիներ էին, իսկ Սալամբեկյանը և Մսերյանը — գավառացիներ։

Ամենից շատ ծանոթներ և կապեր ուներ Թիֆլիսում Վեքիլյանը, հետո Բարաթյանը։ Մյուսների համար տեղական հասարակությունը դեռ անծանոթ աշխարհ էր, մանավանդ Մսիրյանի, որ առհասարակ խույս էր տալիս բազմաթիվ ծանոթներից։

Այլ էր Բարաթյանը։ Այդ զվարճասեր երիտասարդի համար հասարակությունը ուներ շատ հրապուրիչ պայմաններ, ինչպես և՛ ինքը շատերի համար ուներ նույն պայմանները։ Նրա ճարպիկ լեզուն, շնորհալի ձևերը, սիրալիր ժպիտները, գեղեցիկ պարելը, վերջապես, արտասահմանյան կրթության հռչակը, եվրոպական լեզուներ իմանալը — բաց արեցին նրա համար շատ դռներ։ Իսկ Վեքիլյանը ծանոթացրեց նրան բոլոր յուր ազգական ընտանիքների հետ, որոնց թիվը շատ էր։ Օր չէր լինում, որ նրանք միասին հյուր չլինեին այս կամ այն ընտանիքում։ Ամեն տեղ Բարաթյանին ընդունում էին հաճությամբ, մանավանդ, որ նրա գերդաստանը քաղաքում բավական հայտնի էր։ Պատահում էր, որ այս կամ այն տիկինը մի անգամ մի հանդիսում Բարաթյանին տեսնելով, դառնում էր Վեքիլյանին։