Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/27

Այս էջը հաստատված է

մի նոր կապալ է վերցրել, օգուտ շա՜ատ այդ տերունական կապալներից, բայց ի՛նչ անի, որ նեղություն էլ շատ կա։

— Մեկը անում եմ, մյուսը մոռանում,— հարեց նա,— մարդս առանց սրտացավ մարդու միձեռանի է։ Գործակատարներին հավատալ չի լինում, մեկ անում են, երկու գողանում։ Հավատացեք, պարոն Միքայել, եթե ես ձեզ պես մի ազնիվ ընկեր ունենայի, միլիոններ կարող էի աշխատել:

— Ինձ նման ծույլ ընկերը ձեզ միայն վնասել կարող է,— պատասխանեց Հալաբյանը,— մարդ պետք է մի գործ սիրի, որ կարողանա սրտով կպչել: Կապալների գործերը ինձ այնքան ձանձրացրին, որ ես վերջը թողի։ Ինչ որ ունիմ, այսուհետև այն էլ ինձ բավական է, պարոն Նիկողայոս։ Բայց ձեր ասածը ճշմարիտ է, որ մի լավ օգնական է հարկավոր ձեզ։

— Որ չունեմ սրտացավ մարդ, ի՛նչ անեմ,— գոչեց Սադափյանը, ձեռները ծնկներին խփելով։

— Ձեր եղբոր որդի՛ն, այ ձեզ սրտացավ մարդ։ Ինչո՞ւ նրան չեք խառնում ձեր գործերի մեջ։

— Ռուբենի՞ն,— արտասանեց Սադափյանը, հեգնաբար ժպտալով,— էէ, պարոն Միքայել, դուք նրան չեք ճանաչում։

— Ես նրան ճանաչում եմ, պատվական տղա է, պատասխանեց Հալաբյանը։

Սադափյանը գլուխը շարժեց աջ ու ձախ։

— Պարոն Միքայել,— ասաց նա, աջ ձեռքով շփելով աչքերը, ինչպես երբեմն անում է մարդ, որի ասածը լավ չէ հասկանում խոսակիցը,— ես, ճշմարիտ է, ծերացել եմ, բայց հին մարդ չեմ։ Հավանում եմ նոր ժամանակի խելոք երիտասարդներին. նրանք մեզանից գիտուն են, շատ բան են սովորում, նրանց իմացածի քառորդը ինձ նմանները չեն իմանում։ Բայց մի բան կա, որ ինձ դուր չի գալիս, որ ատում եմ, ինչ թաքցնեմ։ Ծույլ են մեր ուսումով երիտասարդները, պարոն Միքայել, աշխատանքից փախչող են։ Խոսք բացվեց, ասեմ: Այդ եղբորս որդին հենց որ Ռուսաստանից եկավ, ես նրա հետ խոսեցի։ Ասացի, ահա որդի, ուսումդ վերջացրիր, հիմա, իհարկե, մի գործ պետք է ճարես քեզ համար։ Չէ՞. լա՛վ։ Լսիր, ասացի, դու բժիշկ չես, որ քեզ համար պրակտիկա