ոչ մի կերպ, ոչ մի ձևով, բացի հարգանքից և ջերմ համակրությունից, ոչինչ ցույց չէր տալիս նրան։
— Ո՞ւր եք շտապում, — ասաց տիկինը, տեսնելով, որ Դիմաքսյանը ոտքի կանգնեց, — սպասեցեք, խնդրեմ, ամուսինս կգա, միասին կընթրենք։
Դիմաքսյանը չհամաձայնվեց։ Նա հրաժեշտ տվեց։ Նրա հետևից դուրս եկավ Բարաթյանը։ Նրանք լուռ էին և ամեն մեկը զբաղված յուր մտքերով։
— Ինչո՞ւ կանգնեցիր, — գոչեց Բարաթյանը, տեսնելով որ ընկերը փողոցի մայթի վրա հետ մնաց։
— Ցտեսություն, ես կառքով եմ գնում։
Նա թույլ կերպով սեղմեց ընկերոջ ձեռը և բարձրացավ առաջին պատահած կառքի վրա։ Բարաթյանը նայեց նրա հետևից զարմացած և ինքն իրան ասաց.
— Ի՞նչ պատահեց այդ մարդուն։
V
Դիմաքսյանը սաստիկ չարացած էր։ Նրա փոքրիկ մարմինը անընդհատ շարժվում էր կառքի մեջ։ Մերթ նա շփում էր կարճլիկ ու նոսր մորուքը, մերթ ձեռը ցնցողաբար զարկում ծնկին։
Տուն հասնելով, նա զղջաց յուր այցելության մասին։ Տիկին Բախտամյանը նրան դուր չէր եկել յուր շատախոսությունով և արվեստական ձևերով։ Այդ կողմից նա արդար էր համարում յուր այն տեսությունը, թե «որքան կինը գեղեցիկ է, այնքան թեթևամիտ է»։
Բայց մյուս կողմից — չէ՞ որ օրիորդ Գայանեն էլ տգեղ չէր: Ինչո՞ւ ուրեմն նա դուրեկան է, այնչափ դուրեկան, որ ազդու տպավորություն է գործել Դիմաքսյանի վրա։ Ահա նրա ազատ ծիծաղը, գրավիչ ժպիտները, կապտագույն աչքերի մեղմ և սիրտ թափանցող փայլը։ Ինչո՞ւ յուր սիրունությունով հանդերձ նա «անտանելի» չէ։ Ո՛չ անկարելի է չհարգել մի այդպիսի արարածի։ Եվ մի՞թե սիրուն աչքերը, նուրբ բերանը, գեղեցիկ ատամները կարող են արգելք լինել